Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով, բուժվածներինը՝ 244-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 42 հազար 56-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 244-ով և հասել 35 հազար 226-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1906 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 188 հազար 567-ի:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 833-ի, ևս 249 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 748 մարդ:

XS
SM
MD
LG