Մատչելիության հղումներ

Շնողի ամբուլատորիայի շենքի մի հարկը 2005-ին վաճառվել է 600 հազար դրամով. հարցով դարձյալ զբաղվում են իրավապահները


Լոռու մարզի Շնող գյուղը, արխիվ

Շնողի ամբուլատորիայի շենքը 15 տարի առաջ չնչին գներով վաճառելու փաստը դարձյալ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Շնողի բոլոր երեք գյուղապետերն էլ տարբեր կերպ առնչվել են այդ գործին: Դեռ 2005 թվականին գյուղապետ Հայկազ Քոչինյանը, որն այդ տարիների Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրն է, իր ենթակայության տակ եղած ամբուլատորիայի շենքի երկրորդ հարկը գնել է 600 հազար դրամով: 7 տարի անց իրավապահները պարզել են, որ շենքի 400 քառակուսի մետրանոց հարկաբաժինը չէր կարող 600 հազար դրամ արժենալ, գյուղապետը չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու իրական արժեքից 4,5 անգամ էժան սեփականացրել համայնքային գույքը՝ Շնողին պատճառելով 2 միլիոն 115 հազար դրամի վնաս:

2012 թվականի նոյեմբերի 21-ին Հայկազ Քոչինյանն ընտրությունների արդյունքում հեռացել է պաշտոնից: Մեկ շաբաթ անց Դատախազությունը համարել է, որ գործի վաղեմության ժամկետն անցել է, և համայնքին էական վնաս պատճառած արդեն նախկին գյուղապետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել:

Լոռու մարզի դատախազությունը նաև դիմել էր դատարան՝ Քոչինյանից համայնքին պատճառած վնասի չափով՝ 2 միլիոն 115 հազար դրամ բռնագանձելու պահանջով: Բայց մի քանի ամիս անց այդ դատական գործն էլ է կարճվել՝ Դատախազությունն առանց հիմնավորման հետ է վերցրել հայցը:

Շնողը 16 տարի ղեկավարած նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի ընտանիքը մինչև օրս տնօրինում է ամբուլատորիայի շենքի երկրորդ հարկը։ Նախկին գյուղապետն այսօր հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին։

Լոռու նախկին մարզպետի եղբորից հետո Շնողը 4 տարի ղեկավարած Հովիկ Սահակյանը չի հանդուժել ամբուլատորիայի 400 քառակուսի մետր տարածքի օտարումը, հենց պաշտոնավարման սկզբում դիմել է դատարան՝ ըստ իրեն անօրինական օտարված շենքը համայնքին վերադարձնելու պահանջով: Դատարանում գյուղապետը պնդել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու համար նախկին գյուղապետը բոլոր փաստաթղթերը կեղծել է: Իրականում ոչ թե անկախ գնահատողը կամ ավագանին, այլ նախկին գյուղապետն է սահմանել շենքի արժեքը։ Շենքի գինը որոշելու մասին ավագանու անունով կազմված արձանագրության օրն իրականում նիստ տեղի չի ունեել։

Դատարան դիմած նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանն այսօր էլ պնդում է, որ Շնողի ահռելի շենքի մի ամբողջ հարկը կոպեկներով գնած Հայկազ Քոչինյանը մինչև այսօր էլ այդ 600 հազարը չի վճարել տեղական բյուջե. – «Մի հատ կեղծ կասսայի անդորագիր ներկայացրին, որ իբր թե էդ գումարը մուծել ա: Հետո ես ստուգեցի, որ էդ գումարը չկար նստած, բալանսում չէր էրևում... Այսինքն` փաստաթուղթը կեղծել էր ու դրանով ուզում էր ցույց տար, որ ինքը մուծել ա: Չի մուծել, վստահաբար ասում եմ: Երեք ու կես տարվա ընթացքում ինձ մի քանի անգամ առաջարկություն ա էղել, որ գումարը որ տան, հարցը լուծված կհամարե՞ք: Ասել եմ` ոչ: Մեզ գումարը չի հետաքրքրում: Մեր գյուղին, մեր համայնքին էդ ամբուլատորիան ա հետաքրքրում»:

Դեռ 8 տարի առաջ դատարանն անվիճելի փաստ է համարել այն, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքն էական խախտումներով է տեղի ունեցել: Այն կնքելիս նախկին գյուղապետն անձնական շահագրագռվածություն է ունեցել, առուվաճառքի պայմանագիրն ընկերության տնօրեն չհանդիսացող անձ է ստորագրել, մի շարք օրենքներ են խախտվել, անգամ նոտարն է լուրջ խախտումներ թույլ տվել: Բայց 3,5 տարի դատական գործը ձգվելուց հետո՝ 2017 թվականին, արդեն Շնողի երրորդ՝ ներկայիս համայնքապետի օրոք մերժել է շենքը համայնքին վերադարձնելու պահանջը՝ ընդունելով Շնողի առաջին գյուղապետի առարկությունը, թե գործարքի վաղեմության ժամկետն անցել է: Այսինքն, Քոչինյանից հետո գյուղապետ դարձած Հովիկ Սահակյանն իրավունք չուներ ամբուլատորիայի շենքի մասին 10 տարի անց պահանջ ներկայացնել։

Ներկայիս համայնքապետ Դավիթ Ղումաշյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, բայց օրեր անց հրաժարվել ու ետ է վերցրել իր հայցը:

Անցած տարի Դատախազությունը համարել է, որ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունն ու անձնական շահագրգռվածությունից ելնելով է ետ վերցրել իր հայցադիմումը:

Համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հրաժարվեց այս հարցով որևէ մեկնաբանություն անել՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում:

«Ես Ձեզ մենակ մի բան կարող եմ վստահեցնել, որ եթե որևիցե հնարավորություն լիներ, որ նման շենք հետ բերվեր համայնքին, հաստատ ես ամեն ինչ կանեմ, որ հետ բերեմ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Շնողի համայնքապետը:

Դատախազությունից «Ազատությանն» ասացին, որ Շնողի գործող համայնքապետի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտական փուլում է, և այն շուտով կհասնի դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG