Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դատարան․ «Հարիրիի սպանությանը «Հեզբոլայի» և Սիրիայի իշխանությունների ուղղակի առնչությունն ապացուցել չի հաջողվել»


Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատաքննություն, 18-ը օգոստոսի, 2020թ.

Չկա որևէ ապացույց, որ կվկայեր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը Սիրիայի իշխանությունների կամ շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժման ղեկավարների անմիջական առնչության մասին։

Վեց տարի տևած դատաքննությունից հետո այսօր ի վերջո նման հետևության հանգեցին Լիբանանի հարցով ՄԱԿ-ի Հատուկ դատարանի անդամները։

«Դատարանի կարծիքով Սիրիան և «Հեզբոլան» կարող էին Ռաֆիկ Հարիրիի և նրա քաղաքական դաշնակիցների սպանության դրդապատճառներ ունենալ։ Բայցևայնպես, չկա որևէ ապացույց, որ կվկայեր Հարիրիի սպանությանը «Հեզբոլայի» ղեկավարության, ինչպես նաև Սիրիայի անմիջական առնչության մասին», - հայտարարել է հատուկ դատարանի դատավոր Դեյվիդ Ռեն։

Դրա հետ մեկտեղ, ըստ Ռեյի, ՄԱԿ-ի Հատուկ դատարանը հանգել է միանշանակ հետևության, որ շուրջ 10 տարի Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հարիրիի սպանության պատճառները բացառապես քաղաքական էին։

«Այս հարձակումը ահաբեկչական գործողություն էր, որի նպատակը Լիբանանի բնակչության շրջանում վախի մթնոլորտի ձևավորումն էր։ Այդ հարձակումը ձեռնարկվել էր քաղաքական և ոչ անձնական դրդապատճառներից ելնելով», - հայտարարել էր դատավորը։

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանը 2600 էջանոց իր դատավճռում այսօր հստակորեն ներկայացնում էր նաև քաղաքական այն զարգացումների շղթան, որն ի վերջո հանգեցրեց Հարիրիի սպանությանը՝ շեշտելով հատկապես այն տարաձայնությունները, որոնք առկա էին Լիբանանի նախկին վարչապետի և պաշտոնական Դամասկոսի միջև։

«Ռաֆիկ Հարիրին կողմ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2004 թվականի սեպտեմբերին ընդունված թիվ 1559 բանաձևի կյանքի կոչմանը, որով նախատեսվում էր օտարերկրյա ուժերը դուրս բերել Լիբանանի տարածքից, իսկ ոչ պետական զինված կազմավորումները՝ զինաթափել։ Օտարերկրյա ուժերը սիրիացիներն էին, իսկ զինաթափման ենթակա խմբավորումներից մեկը՝ «Հեզբոլան», - մանրամասնում է դատարանը։

Բացի այդ, 2004 թվականի վերջին Սիրիայի իշխանությունների և Հարիրիի միջև լուրջ տարաձայնություններ էին ի հայտ եկել Լիբանանի այն ժամանակվա նախագահ, Դամասկոսի աջակցությունը վայելող Էմիլ Լահուդի վերընտրության շուրջ։

«Սիրիական իշխանությունները անում էին ամեն ինչ Լահուդի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար, ինչին Հարիրին կտրականապես ընդդիմանում էր», - արձանագրել է դատարանը՝ հավելելով նաև, որ Լիբանանի նախկին վարչապետի սպանության նպատակներից մեկը կարող էր լինել 2005-ի խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության հաղթանակը և երրորդ անգամ վարչապետի պաշտոնում նշանակումը կանխելը։

Ամեն դեպքում, ըստ դատավորների, Հարիրիի սպանության նախապատրաստական փուլում օգտագործված ռեսուրսները հանցագործության կազմակերպման գործում լուրջ միջոցների ներգրավման մասին են վկայում։

«Սպանությանը նախորդող մի քանի ամիսների ընթացքում պարոն Հարիրիի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժերին հետևում էին։ Այդ գործողությունն իրականացնող մարդիկ միմյանց հետ կապ էին հաստատում բջջային հեռախոսների երեք առանձին խմբեր օգտագործելով», - եզրակացրել է դատարանը։

Հարիրիի սպանության գործում որպես ամբաստանյալ էին ներգրավված «Հեզբոլա» շարժման հետ առնչություններ ունեցող Լիբանանի չորս քաղաքացիներ, որոնք էլ հենց օգտվել են վերը հիշատակված հեռախոսներից։ Ամբաստանյալների գտնվելու վայրը, սակայն, անհայտ է, այդ իսկ պատճառով նրանց դատում են հեռակա կարգով։

Դատարանը այսօր, այս հարցում ևս լուրջ վերապահումներով հանդես եկավ՝ նշելով, որ գործը քննող դատախազները այդպես էլ չեն կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, որոնք կվկայեին չորս ամբաստանյալներից երեքի՝ Հարիրիի սպանությանն ուղղակի առնչություն ունենալու մասին։

Դատարանը ամբաստանյալներից միայն մեկի՝ «Հեզբոլայի» աջակից Սալիմ Ջամիլ Այաշի մեղքն է ամբողջությամբ ապացուցված համարել։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր 2005 թվականի փետրվարի 14-ին Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Հարձակման հետևանքով ևս 20 մարդ էր զոհվել, ավելի քան 200 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Հարձակումից անմիջապես հետո Լիբանանում զանգվածային ցույցեր սկիզբ առան, որոնց մասնակիցները պնդում էին, որ Հարիրիի սպանության կազմակերպիչը Սիրիայի հատուկ ծառայություններն են։ Բողոքի ակցիաների և միջազգային ճնշման ներքո Բաշար Ասադի կառավարությունն ի վերջո որոշեց դուրս բերել 1976 թվականից Լիբանանում գտնվող սիրիական 30 հազարանոց զորախումբը։

Այսօրվա դատական նիստին ներկա էին նաև 2005 թվականի ահաբեկչական հարձակման զոհերի հարազատները, այդ թվում՝ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադ Հարիրին։

ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծված հատուկ դատարանում Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավարությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Այս ընթացքում ավելի քան 400 դատական նիստ է անցկացվել, դրանց ընթացքում շուրջ 300 վկա է հարցաքննվել։

Հարիրիի սպանության հետաքննության ու դատավարության ընդհանուր գումարային արժեքը կազմել է շուրջ 1 միլիարդ ամերիկյան դոլար։ Ծախսերի գրեթե կեսը հոգացել է տնտեսական խոր ճգնաժամում գտնվող Լիբանանի պետական բյուջեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG