Մատչելիության հղումներ

Դատախազություն. Նախկին նախարարի ներգրավմամբ ենթադրյալ չարաշահումներով ավելի քան 1 միլիարդ դրամի վնաս է պատճառվել


Դատախազությունը հայտնում է 2008-2009թթ. և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր շուրջ 1 մլրդ 361 մլն դրամի վնաս պատճառելու դեպքերի բացահայտման մասին:

2008 թվականի ընթացքում N ՍՊ ընկերությունը տնտեսական գործունեություն ծավալալելու նպատակով դիմել է Հայաստանի քաղաքաշինության նախարարությանն ու նույն նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս սեփականությունը հանդիսացող Երևանի Ահարոնյան փողոցում գտնվող 5840քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով։

Այնուհետև, ըստ դատախազության, տվյալ ժամանակաշրջանում քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձը և նախարարության նշված ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտելով օրենսդրության պահանջները, առանց ընկերության կողմից՝ նմանատիպ խոշոր գործարքների համար պարտադիր համարվող գործարար ծրագիր ներկայացնելու, կազմակերպել են հիշյալ անշարժ գույքն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում Կառավարության 31.07.2008թ. և 12.03.2009թ. որոշումներով ուղղակի վաճառքի եղանակով ընկերությանը պատկանող՝ ավելի քան 1 միլիարդ դրամ շուկայական արժեքով գնահատված՝ վերոնշյալ անշարժ գույքերն ընդամենը շուրջ 661.3 մլն դրամ գումարով օտարվել են ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 599 միլիոն 628 հազար դրամի նյութական վնաս։

Քաղաքաշինության նախկին նախարարը N ՍՊԸ իրավասու աշխատակիցների օժանդակությամբ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կազմակերպել է Կառավարության վերոնշյալ որոշումներով՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ին պատկանող՝ Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ, Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքերը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Ապա 20.03.2009թ. և 25.03.2009թ. օտարված գույքերը ձևական առուվաճառքների պայմանագրերով ձեռք են բերվել նախկին նախարարի ընտանիքի անդամների անվամբ: Այսինքն այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակվել են ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 46.6 մլն դրամի անշարժ գույքերը:

Նմանատիպ առերևույթ չարաշահումներ, ինչպես հայտնում է գլխավոր դատախազությունը, կատարվել են նաև 2014-2015թթ. ընթացքում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ այլ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի օտարման գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ այդ ժամանակահատվածում քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձն ու նույն նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտակն կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հասարակական կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագիր չներկայացնելու պայմաններում, խախտելով օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջները, կազմակերպել են նշված ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Երևանի Ահարոնյան փողոցում գտնվող 5493,63 քմ մակերեսով հողամասը հասարակական այդ կազմակերպությանն օտարելու գործընթացը: Արդյունքում Կառավարության 04.09.2014թ. որոշմամբ ուղղակի վաճառքի եղանակով ԲԲԸ-ին պատկանող՝ 325 միլիոն դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը շուրջ 45.8 մլն դրամ գումարով օտարվել է ՀԿ-ին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 279 միլիոն 203 հազար դրամի նյութական վնաս։

Բացի այդ, քաղաքաշինության նախկին նախարարն ու «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, օրենսդրության խախտման նույնպիսի պայմաններում կազմակերպել են Երևանի Ահարոնյան փողոցի, այլ հասցեում գտնվող 7556,2 քմ մակերեսով հողամասը և 1452,2 քմ մակերեսով թիվ 3 լաբորատորիայի շենքը NN ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 17.09.2015թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով 562.7 մլն դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 127 մլն դրամ գումարով օտարվել է ՍՊ ընկերությանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 435.6 մլն դրամի նյութական վնաս։

Ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ​), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննչական ենթակայության կարգով քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG