Մատչելիության հղումներ

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր. ԱԱԾ


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր:

ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Այնուհետև, տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել և վավերացրել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ, ներկայացրել են վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59 միլիոն 62 հազար 904 դրամի գումար:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG