«Իրաքի իշխանությունները կոչ են անում արաբական պետություններին միավորել ջանքերը՝ Թուրքիայի գործողություններին հակազդելու համար», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով Անկարայի հետ հարաբերություններում միասնական համաարաբական մոտեցում մշակել։
«Արաբական պետությունները պետք է միասնաբար պարտադրեն Թուրքիային զերծ մնալ [միջազգային իրավունքի նորմերի] խախտումներից՝ դուրս բերելով զորքերը Իրաքի տարածքից», - նշված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Պաշտոնական Բաղդադի մոտեցումը արդեն իսկ արժանացել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի հավանությանը։ Այս երկրների դիվանագիտական գերատեսչությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցելով Իրաքի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Արաբական պետությունների հայտարարությունը հնչել է Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած միջադեպից երկու օր անց։ Թուրքական հարձակման հետևանքով Էրբիլի մերձակայքում իրաքցի հինգ սահմանապահներ էին զոհվել, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաներ։
Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքի իրականացրած այդ հարվածի հետևանքով նաև Քրդական Բանվորական Կուսակցության 11 զինյալներ էին զոհվել։