Մատչելիության հղումներ

Անի Սամսոնյան․ Մարդկանց բողոքը մնում է խցանված և չի հասնում պատկան մարմիններին


Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյան (Լուսավոր Հայաստան»)

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Սամսոնյան. – Արտակարգ դրության հերթական երկարաձգումը խոսում է Կառավարություն ծուլության, անհեռատեսության և անբարեխղճության մասին: Ինչո՞ւ ծուլության: Որովհետև, մեր տեղեկություններով, Կառավարությունը պատրաստվում էր նոր նորմեր, նոր դրույթներ սահմանել այլ իրավական ակտերում, որպեսզի մենք կարողանանք հակահամաճարակային կանոնները պահպանել, կիրառել համապատասխան նորմերը, սակայն հանել արտակարգ դրությունը, ինչը շատ կարևոր էր: Սակայն դա տեղի չունեցավ: Որևէ փաթեթ չի ներկայացվելու Ազգային ժողով, և ըստ էության, Կառավարությունը գնացել է ավելի հեշտ ճանապարհով: Երկրորդը, պետք է նշեմ, որ արտակարգ դրության երկարաձգումը առողջապահական տեսանկյունից այլևս արդյունավետ չէ, որովհետև ըստ էության գործում են բոլոր տնտեսական ոլորտները, սոցիալական հաղորդակցումը մարդկանց միջև շատ ակտիվ է, սակայն միևնույն ժամանակ, այն խորացնում է սոցիալ-տնտեսական խնդիրները: Դուք գիտեք, որ բազմաթիվ քաղաքացիներ կան արտերկրում, որոնք սպասում են, որ պիտի վերադառնան Հայաստան, սակայն ցամաքային ճանապարհը փակ է: Օդային ճանապարհով չեն կարողանում, որովհետև իրենց ավտոմեքենաներով են այնտեղ: Այստեղ ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պիտի դուրս գան արտերկիր արտագնա աշխատանքի, որովհետև այստեղ փող, գումար աշխատելու հնարավորություն չունեն, սակայն չեն կարողանում գնալ: Եվ ըստ էության, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ազդանշան է այլ պետություններին, որ Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որի հետ օդային կամ ցամաքային սահման բացելը հղի է հետևանքներով: Արտակարգ դրության ռեժիմով սահմանափակված են մարդու իրավունքները, մասնավորապես հավաքների իրավունքը, և մեկ ամիս արտակարգ դրության երկարաձգումը մտայնություն ունի նաև պահպանելու այդ արգելքը:

«Ազատություն». – Բայց նախատեսում են մի շարք սահմանափակումներ վերանայել, խոսք կա հենց հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքների մասին, դրանց վերացման կամ հնարավորինս մեղմման: Իշխանությունն էլ ձեր մտահոգություններին ի պատասխան այս ընթացքում անցկացված մի շարք բողոքի ակցիաներին էր հղում անում, ասում են իրենց միակ վախը նոր բռնկումն է:

Սամսոնյան. – Այս ընթացքում մենք ականատես եղանք, որ կան ակցիաներ, որոնք թույլատրվում են, կան ակցիաներ, որոնք չեն թույլատրվում: Հետևաբար, եթե այս սահմանափակումը պիտի կիրառվի խտրական, ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ, և առավել ևս պետք է ընդհանրապես արգելքը հանվի:

«Ազատություն». – Մարդկանց խնդիրները խեղդել օրորոցի մեջ, դա ոչ մի լավ բանի չտանող ճանապարհ է: Սա Էդմոն Մարուքյանը արտակարգ դրության պայմաններում հանրահավաքների արգելի մասին է ասել: Ձեր ուժը կոնկրետ, հանրահավաքնե՞ր է ուզում անել: Կամ ո՞ւմ նկատի ունեք:

Սամսոնյան. – Մեր ուժը որևէ հանրահավաք անելու մտադրություն չունի: Եթե նման նպատակ առաջանա, մենք ևս պատրաստ ենք: Բայց մենք այս ընթացքում ինչ ենք ասել. կան բազմաթիվ սոցիալական խմբեր, կան բազմաթիվ բնապահպանական խմբեր, ովքեր իրենց արդար դժգոհությունն ունեն հայտնելու Կառավարությանը, իշխանություններին, և իրենք իրավունք ունեն այդ դժգոհությունը խաղաղ հավաքների միջոցով արտահայտել: Միջազգային կազմակերպությունները կոչ են արել, որ այդ արգելքը պիտի լինի ծայրահեղ միջոց, բայց բացարձակ չպիտի արգելվի: Եվ եթե հիշում եք, նախագիծ էր ներկայացվել դեռևս նախորդ արտակարգ դրության երկարաձգման ժամանակ, որ պետք է հանվի այդ արգելքը, սակայն իշխանությունը մերժել է: Եվ մենք ասում էինք, որ դա պիտի պահպանվի, դրա համար պիտի պարզապես սահմանվի չափանիշներ, որպեսզի մարդիկ իրենց բողոքը արտահայտեն: Հակառակ դեպքում նրանք, ովքեր փորձում են կապ հաստատել Կառավարության հետ, և Կառավարությունն անհաղորդ է իրենց խնդիրներին, նրանց միակ գործիքը մնում է փողոց դուրս գալը: Այդ դեպքում նրանց պարզապես բերման են ենթարկում: Եվ մարդկանց բողոքը, այո, մնում է խցանված և չի հասնում պատկան մարմիններին:

«Ազատություն». – Նոր երկարաձգմանը Ազգային ժողովի հատուկ նիստն է նախորդելու, ու հենց դրա ընթացքում էլ խմբակցությունները կարող են ներկայացնել արտակարգ դրությունը վերացնելու կամ այդ դրությամբ նախատեսված միջոցառումները չեղարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Կոնկրետ ձեր խմբակցությունը նման ծրագրեր ունի՞:

Սամսոնյան. – Մենք դեռ քննարկելու ենք: Այո, շատ հնարավոր է, որ մենք ներկայացնենք չեղարկելու նախագիծ, կամ ներկայացնենք որոշակի դրույթներ կամ որոշակի սահմանափակումներ հանելու նախագիծ: Բայց եթե նույնիսկ որոշակի սահմանափակումներ հանեն` օրինակ, վերականգնվի օդային և ցամաքային ճանապարհները, միևնույն է, արտակարգ դրության իրավական ռեժիմը խնդիր է Հայաստանի վարկանիշի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG