Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմում» պահեստավորված ամոնիակը փոքր քանակով է և վտանգավոր չէ, վստահեցնում են մասնագետները


Վանաձորի քիմիական գործարանում պահեստավորված ամոնիակը վտանգավոր չէ և դրա հիմնական մասը դեռ երեք տարի առաջ օտարվել է, վստահեցնում են մասնագետները։

Անցած շաբաթ Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո Վանաձորի ավելի քան 10 տարի չգործող գործարանում պայթյունավտանգ քիմիական նյութերի առկայության մասին պնդումներ եղան։ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մասնագետներն այցելեցին, ուսումնասիրեցին ու հայտարարեցին՝ գործարանի տարածքում գտնվող 6 ցիստեռններից միայն մեկում ամոնյակ կա, այն էլ փոքր քանակով, ինչն ըստ նրանց, վտանգավոր չէ։

ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյանը պնդում է՝ Բեյրութում տեղի ունեցածը բացարձակ որևէ նմանություն չունի այս գործարանում եղած ցիստեռնների պարունակության հետ։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որևիցե վտանգ Վանաձոր քաղաքի բնակչության համար այդ ցիստեռնի շատ փոքր հատվածում առկա ամոնյակը բացարձակ չի ներկայացնում: Ինչ վերաբերում է սնդիկին, մնացած քիմիական նյութերին, դրանք բոլորը գտնվում են համապատասխան սարքավորումների մեջ, դրանց արտահոսքը բացառված է: Էլի, որևիցե վտանգ Վանաձոր քաղաքի բնակչության համար չկա, և բնապահպանական վտանգ նույնպես չեն ներկայացնում, որովհետև սարքավորումների մեջ են, փակ են և այնտեղից չեն կարող արտահոսել», - ասաց Կարապետյանը:

«Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն «Ազատությանն» ասաց՝ 2015 թվականին՝ ընկերությունը սնանկ հայտարարելուց հետո, առաջին հերթին օտարել են տարիների ընթացքում կուտակված վտանգավոր նյութերը՝ 650 տոննա ծծմբական թթուն վաճառել են ատոմակայանին, եղած մի քանի տասնյակ տոննա ամոնյակն էլ՝ սառնարանային տնտեսություններն են գնել։ Այսօրվա դրությամբ չգործող գործարանի տարածքում մնացել է մոտ մեկուկես տոննա ամոնյակ։

«Մի փոքր հատված մնացորդ միշտ լինում է, դա փոքր հատված մնացել է, որը հնարավոր չի տեխնիկապես արտամղել ու ցնդում է, ինքը ցնդելու հատկություն ունի: Հիմա կարող է մի տարի հետո ընդհանրապես ընդեղ ոչ մի բան չլինի», - նշեց Ասատրյանը:

Այսօր Վանաձորի նախկին քիմիական գործարանի ավելի քան 100 հա տարածքում միայն կիսաքանդ շինություններ կամ ժանգոտած մետաղյա սյուներ են երևում։ Կարեն Ասատրյանը, որ նաև «Նաիրիտ» գործարանի սնանկության գործերով կառավարիչն է, համոզված է, որ երկու գործարաններն էլ այլևս անհնար է վերագործարկել։

«Ես բազմաթիվ ներդրողներ բերել եմ, բազմաթիվ մասնագետներ բերել եմ, նայել են, բոլորն էլ միակարծիք ասել են, որ այս սարքավորումները ամբողջը պետք է հանվի, հետո մի հատ առանձին տեղ, քաղաքից հեռու կարելի է զրոյից սարքել, ավելի լավ կլինի, ավելի ժամանակակից կլինի, ավելի օպտիմալ կլինի», - նշեց նա:

Ընկերության 20 միլիարդ դրամի պարտքը գոյացել է դեռ 2000-ականներից, երբ «Արդշին բանկից» մոտ 10 միլիարդի վարկ են վերցրել վերագործարկելու նպատակով։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցած վերաբացումից կարճ ժամանակ անց, սակայն, գործարանը փակվեց։ 2012 թվականին գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արմեն Մովսիսյանը հուշագիր ստորագրեցին, ըստ որի Վանաձորի գործարանում պետք է ազոտական պարարտանյութ արտադրեին։ Ընդ որում, հայտարարված քանակը կբավարարեր ամբողջ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի պահանջարկը։ Բայց դա էլ տեղի չունեցավ։ Այսօր սնանկության գործով կառավարիչը նշում է՝ հաշվարկները սխալ են եղել, այդ արտադրությունը Հայաստանում անհավանական էր։

«Կարող է ինչ-որ մեկը գտնվի, ասի՝ «կարամ վերագործարկեմ», ես չեմ հավատա, որովհետև անվտանգության տեսանկյունից ելնելով, լավ, քաղաքի մեջ ո՞նց կարելի է այսօրվա դրությամբ քիմիական համալիր ունենալ: Էն ժամանակ Վանաձորը, որ էդքան մեծ չէր, որ էդ գործարանը սարքել են, եղել է արվարձանում, քաղաքից դուրս՝ որոշ անվտանգության գոտիներ հաշվի առելով: Բայց այսօր դրա շուրջբոլորը մարդիկ են բնակվում», - ընդգծեց Ասատրյանը:

«Վանաձոր-Քիմպրոմը» ևս 10 միլիարդ դրամ պարտք է «Երևան-ՋԷԿ»-ին։ Կառավարիչը պնդում է, որ աշխատավարձերի գծով որևէ պարտավորություն չունեն, նախկին աշխատողներին բոլոր պարտքերը մարել են։ Դեռ 1999 թվականից Վանաձորի քիմիական գործարանը վերագործարկելու մասին մի քանի անգամ հայտարարություններ են եղել, սեփականատերեր են փոխվել։ 2007-ին արդեն բաժնետեր է դարձել «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը, տնօրեն նշանակվել ռուսաստանցի Ալեքսանդր Սնեգիրյովը:

Հետաքննող լրագրողները դեռ 2014 թվականին պարզել էին, որ «Վանաձոր-Քիմպրոմի» 100 տոկոս բաժնետեր այս ընկերությունը գրանցված է որպես «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության հասցեում՝ լոնդոնյան օֆշորում։ «Ակնհայտ է, որ երկու քիմիական գործարանների համար սնանկանալու նույն սցենարն ու սխեման է աշխատել», - եզրակացրել էին հետաքննող լրագրողները:

Ընդ որում, «Հետքը» նկատել էր, որ Վանաձորի քիմիական գործարանին վերաբերող բոլոր գործարքներով անմիջականորեն զբաղվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG