Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արտահանման հանցավոր սխեմա


Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր, հայտնում է Ազգային անվտանագության ծառայությունը (ԱԱԾ):

Համաձայն հաղորդագրության, պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում:

Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ:

Երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱԱԾ-ն նաև նշում է, որ քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը:

Ապօրինի արդյունահանված ձկների իրացման ուղիները պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ» տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG