Մատչելիության հղումներ

Գյումրիի համայնքային բյուջեի մուտքերը նվազել են, հարկատուները վճարումների համար ժամանակ են ուզում


Armenia-Municipality of Gyumri,8Aug,2020
Armenia-Municipality of Gyumri,8Aug,2020

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Գյումրիի համայնքային բյուջեի մուտքերը նվազել են: Տեղական հարկ ու տուրք վճարողները չեն շտապում հարկային պարտավորությունները կատարել:

Հարկատուները հրաժարվեցին հարցազրույցից, բայց ասացին, որ չեն հրաժարվում հարկերը վճարել, պարզապես համավարակով պայմանավորված ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած՝ ժամանակ է պետք:

Գյումրիի տարեկան բյուջեն մոտ 4 մլրդ դրամ է կազմում, որի կեսից ավելին գոյանում է պետական բյուջեից ստացած աջակցության շնորհիվ, իսկ մնացած գումարն էլ հավաքվում է համայնքին վճարված հարկերից ու տուրքերից: Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն փաստում է՝ համավարակը կտրուկ նվազեցրել է բյուջեի մուտքերը. - «8 ամսվա մեջ մենք պետք է հավաքագրեինք միլիարդ 149 միլիոն գումար տարբեր հարկատեսակներից, սրա մեջ հողի հարկ է, գույքահարկ է, տեղական տուրքեր են, առևտրից եկող գումարներն են, ՊՈԱԿ-ներից մուտքագրվող վարձավճարները և այլն: Եվ այս պահի վիճակով մենք ունենք ընդամենը մուտք 656 միլիոն դրամ` համարյա կեսն ենք կատարել»:

Կորոնավիրուսի պատճառով քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային կազմակերպությունները չեն գործել, ինչի պատճառով գումար չեն փոխանցել քաղաքային բյուջե, այդուհանդերձ նրանց աշխատավարձերն ամբողջությամբ փոխանցվել են, ասում է Ջիլավյանը: Ըստ վերջինիս` դա հնարավոր է եղել նախորդ տարի տնտեսած 360 մլն դրամի հաշվին. - «Մենակ 25 մանկապարտեզի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 45 միլիոն դրամ, և մենք 100 տոկոսով վճարում ենք: Սպորտդպրոցները 38 միլիոն դրամ, մշակույթը, գրադարաններ, թանգարաններ, երաժշտական դպրոցներ, բոլորի աշխատավարձը միասին կազմում է 46 միլիոն դրամ: Մենք այդ գումարը պարտադիր վճարում ենք: Մենք դեռևս կառավարությունից փոխհատուցում որևէ, ասենք թե դպրոցի, աշխատավարձի և այլ ծախսերի համար չենք ստացել»:

Տնտեսված գումարն այնինչ բոլորովին այլ նպատակի համար էր նախատեսված. - «Դրանով մենք ավտոբուսներ առնեինք քաղաքի համար, պետք է դրանով փողոց նորոգեինք, պետք է թանգարանները վերանորոգեինք, վերականգնեինք, շատ բան էինք ծրագրել, լումա-լումա հավաքել էինք, որ մրցույթների տնտեսումները, չծախսված գումարներն ամբողջ իրար հետ, որ ծախսենք, բայց եղավ այն, ինչ եղավ»:

Քաղաքի ֆինանսական մասի պատասխանատուն ասում է՝ ոչ միայն տնտեսվարողները, այլ նաև բնակիչներն են թերանում հարկերը վճարելուց: Հիշեցնում է` եթե ժամանակին չվճարեն, ապա տույժ ու տուգանք կգոյանա: Միայն ավտոմեքենաների գույքահարկի գծով է, որ կարողանում են գումար մուտքագրել բյուջե. - «Ուղղակի պարտադրված մուծում են գույքահարկը, այն էլ մեքենայի, հիմնականում մեքենայի, և՛ իրավաբանական անձինք, և՛ ֆիզիկական անձինք, որովհետև եթե գույքահարկը չմուծեն, մնացած` ասենք տեխնիկական սպասարկման բարիերը չեն անցնի, հետո ապահովագրության ժամկետը կլրանա, իրենց կտուգանեն և այլն, երևի դրանք ֆակտոր են, որ պարտադիր այդ գումարը մուծեն: Մնացածի նկատմամբ մեր ժողովուրդը խիստ անտարբեր»:

Քաղաքի գլխավոր ֆինանսիստն ասում է` եթե հարկերի ու տուրքերի հավաքագրման նման ցուցանիշ շարունակվի արձանագրվել, ապա փաստի առաջ կկանգնեն. - «Բավականին մեծ փաստի առաջ կկանգնենք, ճիշտ է` ամեն ամիս պարտաճանաչ 26-ին, 27-ին մեր կառավարության կողմից դոտացիան հատկացվում է, բայց ամեն դեպքում եթե հանկարծ սա շարունակվի, մենք մեր պարտադիր ծախսերը չենք կարող անել մնացած, մենք չենք կարող քաղաքի համար որևէ բան անել: Շատ վատ բան կլինի»:

Նախորդ տարիներին, ըստ Ջիլավյանի, Գյումրիի տեղական բյուջեի տարեկան պլանը 70 տոկոսով արդեն կատարված էր լինում, հիմա 50 տոկոսի շեմին են: Կառավարությունն այս պահին ընդամենը 4 մլն դրամ է տրամադրել հավելյալ գումար, այն էլ կորոնավիրուսով մեկուսացման մեջ գտնվող հիվանդներին սննդով ապահովելու համար: Գումարի մեծ մասն արդեն ծախսվել է. - «Մենք այս պահի վիճակով արդեն 3 միլիոն ծախսել ենք: Տարել են բոլոր քաղաքի մեկուսացվածներին, մեկ միլիոն մնացորդ ունենք, բայց նաև այդ միլիոնի սահմաններում ունենք մեկուսացվածներ»:

Կառավարությունը բացի տրամադրվող դոտացիայից, այս պահին համայնքային բյուջեներին կոնկրետ ֆինանսական աջակցություն չի տրամադրում: Դրանք առայժմ սահմանափակվում են համայնքի և կառավարության կողմից համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG