Մատչելիության հղումներ

Դեմոկրատների նախընտրական համագումարն առցանց կանցկացվի


Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը:
Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը չի մասնակցի Վիսկոնսինի նահանգում նախատեսված դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին, որը պետք է ի պաշտոնե ընտրի գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի մրցակցին:

Բայդենն առաջադրումը կընդունի հեռավար կարգով և կուսակիցներին ու հայրենակիցներին հասցեագրված հանդիսավոր ուղերձով կդիմի տնից, որը գտնվում է Դելավեր նահանգի Վիլմինգթոն ավանում:

Պատճառը կորոնավիրուսն է, Բայդենի թիմը հայտնել է, որ նախկին փոխնախագահը չի ցանկանում վտանգել հայրենակիցների առողջությունը և հանրային խոշոր միջոցառումներ կազմակերպել:

Համավարակն Ամերիկայում շարունակվում է, ախտահարվածների թիվն աստիճանաբար մոտենում է 5 միլիոնին, մահացել է շուրջ 160 հազար հիվանդ:

Մեծ թվով շարքային ամերիկացիներ, համաճարակաբաններ, բժիշկներ պնդում են, որ Թրամփի վարչակարգը չի կարողացել արդյունավետ միջոցներով զսպել համավարակը:

Դա են ասում նաև դեմոկրատնեորը, Բայդենը մի քանի առիթներով հայտարարել է, որ «Թրամփը տանուլ է տվել պատերազմը վիրուսի դեմ»:

Բայդենը վկայակոչել է մասնագետներին, ովքեր ասում են, որ զոհերի թիվը հնարավոր կլիներ գրեթե եռապատիկ կրճատել, եթե կառավարությունը գոնե երկու շաբաթ ավելի շուտ մտցներ կարանտինի ռեժիմը և խստորեն հետևեր դրա ընթացքին:

Կորոնավիրուսն այս նախընտրական շրջանում առավել քննարկվող թեմաներից է, քանի որ երկրի տնտեսությունն աննախադեպ կորուստներ է կրել, իսկ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ աշխատանքից և ապրուստի միջոցներից են զրկվել:

Դեմոկրատների ազգային համագումարը պետք է տեղի ունենա օգոստոսի 17-ից 20-ը Վիսկոնսինի նահանգում գտնվող Միլուոքի քաղաքում:

Փաստորեն, համավարակի պայմաններում դա կվերածվի առցանց միջոցառման, և միայն Միլուոքիի կուսակցական պաշտոնյաները ելույթ կունենան համագումարի սրահում:

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, թե ցանկանում է հանրապետականների կողմից թեկնածու նշանակվելու առիթով հանդիսավոր ուղերձն ընթերցել Սպիտակ տան գրասենյակից:

ԱՄՆ-ում ոչ միանշանակ են արձագանքել նախագահին․ դեմոկրատները, մի խումբ կոնգրեսականներ և իրավաբաններ ասում են, թե դա կհակասի էթիկայի նորմերին և գուցե նաև օրենքին, քանի որ ոչ կուսակցական կարգավիճակ ունեցող հաստատությունը՝ Սպիտակ տունը, չի կարելի ծառայեցնել կուսակցության նպատակին և այդ հաստատության տարածքից հանդես գալ նախընտրական բովանդակության քաղաքական ելույթով:

1939 թվականին սենատոր Կարլ Հաթչի նախաձեռնությամբ ընդունվել է օրենք, որը սահմանափակում է գործադիր իշխանության պաշտոնյաների որոշ լիազորությունները, այդ թվում ֆեդերալ ենթակայության հաստատություններում ներքաղաքական ակտիվությունը:

Հանրապետականների ազգային համագումարը պետք է տեղի ունենար Հյուսիսային Կարոլինայում, բայց այդ նահանգում սոցիալական հեռավորության նորմի շուրջ վեճերի պատճառով Թրամփը որոշել է համագումարը տեղափոխել Ֆլորիդա:

Սակայն ի վերջո հանրապետականները չեղարկել են համագումարը, որովհետև Ֆլորիդայում էլ կտրուկ աճել է կորոնավիրուսով ախտահարումների թիվը:

Թրամփը պնդում է, որ Սպիտակ տնից ուղերձով դիմելն ընդունելի տարբերակ է:

«Դա միանգամայն օրինական է, [Կարլ] Հաթչի օրենքը նախագահին չի վերաբերվում: Եթե ես Սպիտակ տունն օգտագործեմ առաջադրվելու ելույթիս համար, պատկերացնու՞մ եք ինչ հսկայական միջոցներ կխնայենք, տեսեք՝ մեկնել մեկ ուրիշ նահանգ, անվտանգությունն ապահովել, օդանավեր և այլն: Միայն հաշվեք, թե ինչ ծախսեր են»,- ասել է Թրամփը:

Այնուհամենայնիվ ամերիկացիների զգալի մասը չի ողջունում առաջադրվելու հանդիսավոր ելույթը Սպիտակ տնից ընթերցելու գաղափարը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG