Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վերանայում է 2020 թվականի պետբյուջեն


Ադրբեջանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Կառավարությունը որոշել է վերանայել պետբյուջեն, պատճառը ակնկալվող եկամուտների նվազումն է։

Դեռ տարվա սկզբից անկախ փորձագետները պնդում էին, որ Ադրբեջանի բյուջեն անհրաժեշտ է վերանայել` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի գնի անկումը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալական ծախսերի ավելացումը։ Տնտեսագետները նշում էին, որ Ադրբեջանի բյուջեն հիմնականում կազմվում է նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների հաշվարկով։ Բայց նավթի գինն ընկնում է, արդյունահանումը` կրճատվում, քանի որ համավարակի պատճառով նվազում է նավթի պահանջարկը, ուստի բյուջեի վերանայումն անխուսափելի է։ Կառավարությունը հերքում էր փորձագետների փաստարկները, բայց ի վերջո կես տարի անց իշխանությունները գնացին այդ քայլին:

Բյուջեի փոփոխություններով եկամուտները կկազմեն 24 միլիարդ 124 միլիոն մանաթ: Սա 0,1 տասնորդական տոկոսով քիչ է, քան նախկինում հաստատված բյուջեում էր: Նավթից ակնկալվող եկամուտներն էականորեն նվազեցվել են։ Նախօրոք ընդունված 2020 թվականի բյուջեն կազմվել էր մեկ բարել նավթի գինը 55 դոլարի հաշվարկով, հիմա կատարված փոփոխություններով մեկ բարելի հաշվարկային գինը 55-ի փոխարեն 35 դոլար է։

Իսկ բյուջետային ծախսերն ավելացվել են 2,2 տոկոսով ու հիմա կազմում են 27 միլիարդ 492 միլիոն մանաթ: Բյուջեի դեֆիցիտը մոտավորապես 3 միլիարդ 300 միլիոն մանաթ է։ Ադրբեջանի բյուջեն առաջին անգամ նման մեծ դեֆիցիտ ունի։ Նավթային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով` կառավարությունը հույս ունի նավթի գինը բարձրանալու դեպքում փակել բյուջեի ճեղքվածքը։

Բյուջեն վերանայելու հարցը խորհրդարանին ներկայացրել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Նա ասել է, թե իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցների շնորհիվ հաջողվել է էականորեն կանխել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած բացասական գործընթացների խորացումը, բայց դեռ որոշակի ռիսկեր կան կապված եկամուտների նվազման հետ։

Իսկ բյուջեի ծախսային մասով ֆինանսների նախարարն ասել է, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը գերադասում է չկրճատել ծախսերը, նույնիսկ որոշ չափով ավելացնել` նեգատիվ երևույթներից խուսափելու համար։ Բյուջեի ծախսային մասը ավելացվել է 2,2 տասնորդական տոկոսով:

Նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնել կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար։ Բյուջետային ծախսերի ավելացմամբ 369 միլիոն մանաթ ուղղվելու է առողջապահական համակարգին, 238 միլիոն մանաթ հատկացվելու է բնակչության սոցիալական պաշտպանությանը, 136 միլիոն մանաթ` պետական ընկերություններին և 100 միլիոն մանաթ` մասնավոր բիզնեսին։

Բյուջեի վերանայումը զգալի ներարկում է նախատեսում պետական նավթային հիմնադրամից։ Փոփոխությունները, ըստ էության, հենվում են այդ հիմնադրամի գումարների վրա։ Պետական նավթային հիմնադրամից պետբյուջեին կատարվող հատկացումներն ավելացվել են 12 միլիարդ 200 միլիոն մանաթով կամ 7,5 տոկոսով։

Ակնկալվում է, որ պետական նավթային ընկերության եկումուտներն այս տարի կկրճատվեն, այսօր այս մասին ասել է ֆինանսների նախարարը։ Նա նաև նշել է, որ ապրիլից սկսված նվազում է երկրի համախառն ներքին արդյունքը, և այդ նվազումը կշարունակվի:

«Բիզիմյոլ.ինֆո» կայքի փոխանցմամբ` տնտեսական փորձագետները գտնում են, որ Ադրբեջանի բնակչությունը կարող է կրկին զգալ 90-ականների ցնցումները։ Ընթացիկ տնտեսական քաղաքականությունը շարունակելը կարող է հանգեցնել լիակատար ողբերգության, քանի որ անխուսափելի է բյուջետային աշխատողների եկամուտների կրճատումը։ Սպասվող բարդությունենրը կարող են սոցիալական լարվածության պատճառ դառնալ։ Ֆինանսական ռեսուրսները համալրելու և կայունություն պահպանելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ իրական բարեփոխումների վրա, մասնավորապես օպտիմալացնել կենսաթոշակային համակարգը, աշխատատեղեր բացել բյուջետային հիմնարկից դուրս մնացողների համար, նշել են փորձագետները։

Sfera կայքը հաղդում է, որ խորհրդարանական հանձնաժողովը երեկ քննարկել է աշխատանքը կորցրած մարդկանց 190 մանաթ հատկացվող նպաստների հարցը, քանի որ դրա հետ կապված շատ բողոքներ են ստացվում։ Սկզբում նախատեսվում էր նպաստներ հատկացնել 200 հազար մարդկանց, բայց երկրի նախագահի հանձնարարությամբ նրանց թիվն ավելացվել է` հասնելով 600 հազարի։ Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի երեկվա նիստում պատգամավորները նշել են, որ քաղաքացիներից շատերը գերադասում են աշխատելու փոխարեն 190 մանաթ նպաստ ստանալ ու մերժում են զբաղվածության կենտրոնի առաջարկները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG