Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Մինսկի կենտրոնում ջարդ կազմակերպելու փորձերն ակնհայտ են»


Ընտրություններում պարտվելու դեպքում Լուկաշենկոն կրակելու հրաման չի արձակի և կլքի երկիրը։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրված, բայց այդպես էլ չգրանցված թեկնածուներից մեկը՝ Վաշինգտոնում նախկին դեսպան, նախկին փոխարտգործնախարար, այժմ բելառուսական IT ոլորտի առաջատար ներկայացուցիչներից Վալերի Ցեպկալոն։

«Կարծում եմ, որ նա, իհարկե, կվախենա։ Նա զենք կիրառելու հրաման չի արձակի։ Եթե ընտրությունների օրը փողոց դուրս գա ասենք 20 հազար մարդ, ապա Լուկաշենկոյի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները կբավարարեն այդ ամբոխը ցրելու համար։ Բայց եթե մոտ 100 հազար մարդ փողոց դուրս գա, ապա Լուկաշենկոն պարզապես կնստի ինքնաթիռ ու կհեռանա իր հանդեպ բարեկամաբար տրամադրված թերևս միակ երկիրը՝ Վենեսուելա։ Ես չեմ հավատում, որ բելառուսական բանակը կարող է զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ», - հայտարարել է Ցեպկալոն։

Ընդդիմադիր գործիչը հնարավոր ձերբակալությունից խուսափելու համար անցած շաբաթ մեկնեց Մոսկվա, այնտեղից էլ՝ Ուկրաինա։ Այժմ Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկան է ակտիվորեն ներգրավվել նախընտրական արշավում՝ մասնակցելով Լուկաշենկոյի գլխավոր մրցակցի՝ Սվետլանա Տիխանովսկայայի շուրջ ձևավորված միասնական շտաբի աշխատանքներին։

Հնչող քննադատության ֆոնին Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդես եկավ ամենամյա ուղերձով՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իր 26-ամյա իշխանության գլխավոր ձեռքբերումը տարատեսակ հակամարտությունների հարևանությամբ խաղաղության պահպանումն է․ - «Մերձդնեստր, հակասությունների կովկասյան կծիկ, հայ-ադրբեջանական հակամարտություն, դրանց էլ գումարած Ուկրաինան ստացանք»։

«Եվ հենց աշխարհքաղաքական այս ճեղքվածքի վրա է գտնվում Բելառուսը՝ Եվրասիայի կենտրոնի միակ հանդարտ օղակը», - հայտարարել է Լուկաշենկոն՝ զգուշացնելով սակայն, որ երկրում տիրող խաղաղությունը կարող է խաթարվել ցանկացած պահի, ինչի ամենավառ դրսևորումը, ըստ Լուկաշենկոյի, ռուսաստանյան «Վագներ» ռազմական ընկերության աշխատակիցների ձերբակալությունն էր։

«Այո, առայժմ թեժ պատերազմ չկա, դեռ չեն կրակում։ Սակայն Մինսկի կենտրոնում ջարդ կազմակերպելու փորձերն ակնհայտ են։ Վերջին օրերին ես զարմանքով եմ հետևում 33 զինյալների ձերբակալության վերաբերյալ քննարկումներին։ Ինչ վարկածներ ասես առաջ չեն քաշվում՝ ընդհուպ մինչև պնդումները, թե տեղի ունեցածը երկու երկրների նախագահների պայմանավորվածության արդյունք է։ Իրականում այս ամենը շատ լուրջ ու վտանգանվոր ազդակ է։ Այդ մարդիկ արդեն իսկ ցուցմունքներ են տվել և նշել են, որ իրենց հատուկ Բելառուս էին ուղարկել։ Նրանց հրաման էր տրված՝ սպասել», - հայտարարել է Լուկաշենկոն։

Վալերի Ցեպկալոյի համոզմամբ սակայն, «Վագների» աշխատակիցների շուրջ ծագած ողջ սկանդալը իրականում Լուկաշենկոյի կողմից նախորդ տարիներին փորձարկված մի հնարք է․ - «Իրականում սա նրա կողմից կիրառվող սովորական քաղաքական հնարք է, որի նպատակը հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելն է։ Իշխանությունը փորձում է այնպես անել, որ մարդիկ ինչ-որ առասպելական զինյալների քննարկեն, այլ ոչ թե իրենց ուշադրությունը սևեռեն նախագահական ընտրարշավի կամ Բելառուսի հասարակական-տնտեսական կյանքի իրական խնդիրների վրա»։

Եվ չնայած ընդդիմադիր շրջանակներից հնչող պնդումներին, թե ազնիվ ընտրություններ անցկացնելու դեպքում Լուկաշենկոն հաստատ պարտվելու է, Բելառուսի նախագահն այսօր հայտարարեց, թե ընտրությունները կեղծելու որևէ ցանկություն չունի։ Դրա հետ մեկտեղ երկրի նախագահը հաստատակամ է․ - «Մենք Բելառուսը որևէ մեկին չենք տա»։

«Մեր թիկունքում Բելառուսն է՝ մաքուր և լուսավոր, ազնիվ և գեղեցիկ, աշխատասեր, մի քիչ միամիտ և փոքր ինչ խոցելի։ Բայց նա մերն է, սիրելի է, իսկ սիրելիներից չեն հրաժարվում», - հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնեմ, որ նախագահական ընտրությունները Բելառուսում կկայանան հինգ օրից՝ օգոստոսի 9-ին։ Այսօր արդեն մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը, որ կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը։

Բելառուսական ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի, որ թե՛ վաղաժամ քվեարկության ընթացքում և թե՛ բուն ընտրությունների օրը իշխանությունները կարող են համակարգված կեղծիքների դիմել։

Դրանք կանխելու նպատակով Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը դիմել էր Բելառուսի ԿԸՀ՝ առաջարկելով երկրում գործող ավելի քան հինգ հազար տեղամասերում տեսախցիկներ տեղադրել։ Ընդդիմադիրները անգամ պատրաստակամություն էին հայտնել դա անել սեփական միջոցներով։ Բելառուսական ԿԸՀ-ն սակայն ընդդիմադիրների այս առաջարկը անտեսեց՝ հրաժարվելով անգամ այդ հարցն ընդգրկել հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG