Մատչելիության հղումներ

Հայկ Մարության․ Դա մեր պուրակի հաղթանակի շարունակությունն է


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պարզաբանեց, թե ինչ շինարարություն է ընթանում Մաշտոցի պուրակում:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, Հայկական բնապահպանական ճակատը պահանջում են իշխանություններից թույլ չտալ սննդի օբյեկտի կառուցում Մաշտոցի պուրակում` նշելով, որ 2012 թվականից քաղաքացիական պայքարի խորհրդանիշ դարձած պուրակում թեթև կոնստրուկցիաների փոխարեն այժմ պատեր են վեր խոյանում և տարածք է բետոնապատվում, հատվել են ծառեր:

Ակտիվիստները հիշեցնում են քաղաքապետին, որ ութ տարի առաջ Հայկ Մարությանը պայքարում են պուրակի պահպանման և պաշտպանության համար, իսկ այժմ այդ տարածքում շինարարություն է թույլատրում:

Մարությանն այսօր հայտարարեց, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում տարիներ առաջվա պայքարից հետո էլ գործող սրճարանի սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել: Վերջինս հրաժարվել է այդ տարածքում իր 277 քառակուսի մետր և 17 քառակուսի մետր տարածքի սեփականության իրավունքից, և տարածքը փոխանցել է համայնքին: Իսկ համայնքը թույլ է տվել, որ մինչև 2040 թվականը տարածքը վարձակալվի և այնտեղ շինարարություն տեղի ունենա:

«Եթե ձեզ թվում է, որ գնում ես, դուռը ծեծում ես, ասում ես` բարև ձեզ, մենք ուզում ենք ձեր սեփականությունը քանդել... համեցեք, իհարկե, ես էլ ձեզ էի սպասում, էդպես չի լինում: Դա բանակցություններ են, ասում ենք` եղբայր, մենք արի զրկենք քեզ քո սեփականությունից ֆիզիկապես, թղթով, դրա տեղը քեզ տանք գոնե կառուցապատման իրավունք, բայց դա կլինի արդեն համայնքի գույքը: Եվ մենք գալիս ենք դրան, և դա մեր պուրակի հաղթանակի շարունակությունն ա, որ վերջնական պուրակը դառնա մերը, Երևանինը», - ասաց Մարությանը:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, վարձակալության տարեկան գումարը 2 միլիոն 352 հազար դրամ է, այսինքն` ամսական մոտ 200 հազար դրամ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նախկինում տարեկան վարձավճարը եղել է մոտ 275 հազար դրամ, իսկ վարձավճարի նոր չափն առավելագույնն է, որ կարող էր սահմանել ավագանին։ 2040 թվականից հետո գույքը անցնելու է համայնքին։

Բացի այդ ըստ Մարությանի, չեղարկվել է Տարոն Մարգարյանի կողմից 2018 թվականի մայիսին կայացրած որոշումը, որով սեփականատիրոջը մաշտոցի պուրակում ավելի քան 1000 քառակուսի մետր տարածք էր տրվում վարձակալությամբ։

Քաղաքապետի խոսքով, իրենց պայմաններից է եղել, որ շինարարությունը լինի թեթև կոնստրուկցիաներով, արդեն մի քանի խախտում նկատել են և կազմել են արձանագրություններ։

Ինչ վերաբերում է ծառերին, ապա քաղաքապտերանի մասնագետ Քրիստինե Վարդանյանը նշեց, թե դրանք թեղիներ են, որոնք տարիների ընթացքում արդեն այնպիսի վիճակում էին, որ հնարավոր չէր պահել, և հատվել են` հենց ծառերի նկատմամբ մարդասիրական վերաբերունքից ելնելով: Դրանց փոխարեն սոսիներն կտնկվեն:

Մաշտոցի պուրակի համար պայքարողներն ասում են, թե քաղաքային իշխանությունները այժմ, փոխանակ հետամուտ լինեն, թե այդ ինչ եղանակով է ժամանակին հանրային կանաչ գոտու մաս կազմող այդ տածածքը սեփականաշնորհվել, անհրաժեշտության դեպքում այլ մարմինների էլ ներգրավվեն այդ քննությանը, մանիպուլատիվ հայտարարություններ են անում. – «Մենք 2012-ին կարողացանք կասեցնել դրա ընլայնումը: Բայց դա չէր նշանակում, որ այն գործունեությունը, որ այստեղ նախկինում էր իրականացվում, դա օրենքով արդարացված էր և օրինական էր: Ոչ, բարեկամներ, դա լավագույն լուծումը չէ: Քաղաքացին իր շահը և իր գիտակցությունը այս այգում` հենց Մաշտոցի պուրակում, հստակ դիրքորոշումով ներկայացրել է դեռևս 2012 թվականին: Հանրային տարածքը պատկանում է հանրությանը և ծառայում է հանրության շահին: Եվ այստեղ մասնավորի շահի արդարացումը որևէ տեղ չունի»:

Ւնչ վերաբերում է հատված ծառերին, ապա Սեդա Գրիգորյանն ասում է, որ տարիներ շարունակ պայքարել են, որ պետական մարմիններից լսեն նման ձևակերպումներ, որ ծառերին ու բնությանը մարդասիրական մոտեցում է պետք ցուցաբերել, սակայն այժմ նման հայտարարություններից զատ ակնկալում էին, որ պետք է պատասխանատվության հարց ծագի. ինչո՞ւ են քաղաքային իշխանությունները թույլ տվել, որպեսզի ծառերը հետևողականորեն վնասվեն և հայտնվեն նման ցավալի վիճակում. – «Ես ծառերի մասնագետ չեմ: Ես հասկանում եմ, որ այո, այդպիսի խորը վնասվածքներից հետո ծառը իսկապես կսկսի տառապել: Բայց ո՞ւր էր քաղաքապետարանը, երբ որ այդ վնասները հասցվում էին այդ ծառերին: 2012 թվականին քաղաքացիները, որոնք իրենց կյանքը մի կողմ թողած, երեք ամիս էստեղ գիշեր-ցերեկ վերահսկում էին աշխատանքները, ամեն ճյուղի և արմատի վնասը արձանագրում էին և բերում էին հանրության և լրատվամիջոցների ուշադրությանը: Քաղաքապետարանը, որը լիազորված է և մեր հարկերից վճարվում է այդ վերահսկողությունը իրականացնելու համար, ամիսները շարունակ ձայն չի հանել, և այսօր հանկարծ ասում է` նրանք տառապում էին, պետք էր փրկել»:

Այսօր քաղաքապետի ասուլիսի ընթացքում Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականի մասին լուր հայտնվեց: Հայկ Մարությանն ասաց, որ գլխավոր ճարտարապետը դեռևս հրաժարականի դիմում չի ներկայացրել, դեռ պաշտոնավարում է, սակայն պայմանավորվածություն կար, որ նա երկու տարով է պաշտոնավարելու, և այժմ այդ ժամկետը լրանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG