Մատչելիության հղումներ

Իշխանությունները չպետք է թույլ տան Մաշտոցի պուրակում սրճարան կառուցել. Հայկական բնապահպանական ճակատի անդամ


Մաշտոցի պուրակ, արխիվ

Իշխանությունները չպետք է թույլ տան, որ քաղաքացիական պայքարի համար սիմվոլիկ նշանակություն ունեցող Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցեն՝ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։

Ֆեյսբուքում երեկ բուռն քննարկման առարկա էր Մաշտոցի պուրակում սրճարանի կառուցման հարցը։ Օգտատերերը հիշել էին 2012 թվականին պուրակի փրկության համար ծավալված քաղաքացիական շարժումը, որի շարքերում՝ այգու տարածքում սրճարանի կառուցման դեմ այն ժամանակ պայքարում էին ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, ներառյալ Երևանի այժմյան քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եթե առաջ էդտեղ թեթև կոնստրուկցիաներով ինչ-որ շինություններ էին, հիմա այդտեղ կատարվել են հիմնական շինարարական աշխատանքները, այսինքն բետոնալցում բազմաթիվ տեղերում, այսինքն դա հիմնական շինություն է, իսկ հանրային տարածքում հիմնական շինություն, ըստ էության, չպետք է թույլատրեին կառուցել: Բայց հարցի մյուս կողմը նաև այն է, որ ընդհանրապես հաշվի առնելով այդ հարցը պետք էր այդ տարածքին մի քիչ այլ տեսանկյունից նայել՝ թույլատրությունը տալուց առաջ: Ինքը ինչ-որ սիմվոլիկ նշանակություն ունի՝ Մաշտոցի պուրակի պայքարը և նրա արդյունքները, այսպես ասած, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում իրեն գլխավոր դերում նշեմ, որովհետև բազմաթիվ այդպիսի խնդիրներ կան Հայաստանում և Երևանի հանրային տարածքներում:

Հիմա, փաստորեն, երբ որ դու այդպիսի վերաբերմունք ես ցուցաբերում այն հանրային տարածքի նկատմամբ, որի համար, ըստ էության, նախորդ կոռուպցիոն կառավարման շրջանում քաղաքացիները ձմեռը մոտ երեք ամիս պայքար են մղել, որ այդ մնացած տարածքը չգրավվի այդ պուրակի, ինքը ազատագրվի ու հանկարծ հիմա այսպիսի մոտեցում ես թույլ տալիս՝ հենց այդ տարածքին, ըստ էության, թույլատրելով մի գործունեություն, որը որ անթույլատրելի է: Դա մի քիչ այնքան էլ հաճելի չի: Տրամաբանությունը ստացվում է այնպիսին, որ մենք նորից գնում ենք նույն ճանապարհով, որ փողը և ներդրումները, մնացած ամեն ինչ ավելի կարևոր են, քան հանրային շահը, հանրային տարածքը կամ հանրային կանաչ տարածքը: Շահերի բախման մեջ նորից հաղթող դուրս են գալիս փողն ու ներդրումները, որոնք մենք կարծում ենք, որ այդպես չպետք է լիներ», - ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամը:

«Ազատության» հարցին՝ բացի դրանից, բնապահպանական խնդիր չի՞ տեսնում, Լևոն Գալստյանը պատասխանեց. «Այդ ծառերը մահանալու էին, մեկ է, կոնկրետ որ մենք խոսում ենք [կտրված] չորս ծառի մասին, իրանք վաղուց այդ սրճարանի տարածքում էին, մի երկուսը ամբողջովին համարյա չորացել էր, մյուս երկուսն էլ գոյատևում էին, այսպես ասած, ինչքա՞ն կգոյատևեին իրենք, դա հայտնի չի: Իհարկե, ցանկացած ծառի կտրելը բնապահպանական խնդիր է, բայց էս դեպքում էս խնդիրը բնապահպանական խնդիր չի, էդ եմ ուզում ասել»:

Արձագանքել է Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը երեկ ֆեյսբուքում գրեց, թե «Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաև, մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով հրավիրում ենք մամուլի ասուլիս»։ Նախատեսված է, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի ու մի շարք այլ պաշտոնյաների մասնակցությամբ ասուլիսը կայանալու է այսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG