Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 18,1 միլիոնին, մահացել է շուրջ 689 հազար, ապաքինվել՝ 10,7 միլիոն մարդ


Գերմանիա - Հակահամաճարակային միջոցառումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները և ոստիկանները, Բեռլին, 1-ը օգոստոսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 18,1 միլիոնին, մահացության ցուցանիշը գերազանցել է 689 հազարը, հիվանդությունից ապաքինվել է մոտ 10,7 միլիոն մարդ, հաղորդում են ԱՄՆ-ում գործող Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետները։

Ռուսաստանը հայտարարել է արդեն երկու ամսից COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու մասին: Երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է Մոսկվայի «Գամալեյա» գիտական կենտրոնում մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի և հոկտեմբերից զանգվածային պատվաստումների մեկնարկի մասին: Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնում ասում են, որ իրենց պատվաստանյութը կարող են զանգվածային արտադրության դնել նոյեմբերին:

Օգոստոսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները Շվեյցարիայի հետ: Կիրակի օրը Ռուսաստանի 80 քաղաքներում կիսամարաթոն է անցկացվել, մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ կրկին սկսել են տուգանել դիմակ չկրելու համար, իսկ հավաքներն արգելված են, միջոցառումը 17 հազար մասնակից է հավաքել: Ռուսաստանի սպորտի նախարարը կարծում է, որ համավարակը հաղթահարված է:

Դե իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարն այլ կարծիք ունի՝ Թեդրոս Գեբրեյեսուսը հորդորել է պատրաստվել «երկարատև համաճարակի»:

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հիվանդացության աճի ֆոնին աղետի ռեժիմ է հայտարարվել, Մելբուռնում բնակիչներին թույլատրվում է դուրս գալ տներից միայն սնունդ գնելու և սպորտով զբաղվելու համար:

Եվրոպայում ավելի դժվար կլինի վերականգնել խիստ սահմանափակումները: Շաբաթ օրը Բեռլինում հակահամաճարակային միջոցառումների դեմ ուղղված ակցիան մոտ 20 հազար մարդ էր հավաքվել, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, ձերբակալվեց 133 մարդ:

Իսպանիայում այս ամառը ամենավատն են համարում տուրիզմի տեսանկյունից, նշվում է, որ ոլորտն այս մի քանի ամիսների ընթացքում կկորցնի 80 միլիարդ եվրո՝ սա կրկնակի ավելի է, քան կանխատեսվում էր գարնանը:

ԱՄՆ-ը մտել է կորոնավիրուսային համաճարակի նոր փուլ՝ վարակը «շատ տարածված» է դառնում ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում: Այս մասին երեկ հայտարարել են կորոնավիրուսի հարցերով Սպիտակ տան փորձագետները: Նրանք գյուղաբնակներին կոչ են անում հետևել հակահամաճարակային կանոններին և շեշտում են դիմակ կրելու կարևորությունը:

XS
SM
MD
LG