Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ձերբակալություններն Ադրբեջանում շարունակվում են


Ցույցեր Բաքվում, արխիվ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են ձերբակալել երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդական ճակատի» ակտիվիստներին։ «Թուրան» գործակալության տեղեկություններով` շաբաթ օրը ձերբակալվել են «Ժողճակատի» Ղարադաղի տեղական կառույցի ղեկավար Էլնուր Ջաբարովը և կուսակցության Ապշերոնի մասնաճյուղի անդամ Մուշվիգ Գուլիևը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով։ Ադրբեջանական դատախազությունը պնդում է, որ ընդդիմադիր ակտիվիստները մասնակցել են հուլիսի 14-ից լույս 15-ի գիշերը Բաքվում կայացած ցույցին՝ դրա ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկանության աշխատակիցներին, ակտիվորեն խախտել են հասարակական կարգը, փչացրել են հանրային գույքը։ Նասիմիի շրջանային դատարանը շաբաթ երեկոյան բավարարել է ընդդիմադիրներին եռամսյա կալանքի ենթարկելու դատախազության դիմումը։

«Այսպիսով հուլիսի 14-15-ին Բաքվում կայացած ցույցից հետո կալանավորվածների թիվը հասել է 40-ի։ Նրանցից 18-ը «Ժողովրդական ճակատի» անդամներ են», - նշում են բաքվեցի իրավապաշտպանները։

XS
SM
MD
LG