Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է 2013 թվականին Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հեղինակ Ջոխար Ցարնաևի մահվան դատավճիռը։
Դատարանը ուժի մեջ է թողել երդվյալ ատենակալների կողմից կայացված դատավճռի՝ մահապատիժ չենթադրող հատվածները։ Դրա հետ մեկտեղ դատարանը վճռել է, որ մահապատիժ ենթադրող հոդվածներով պետք է նոր դատավարություն անցկացվի։
Դաշնային դատավոր Ռոջերի Թոմսոնը դատավճռի տեքստում գրել է, որ Ցարնաևի մահապատժի չեղարկման գլխավոր պատճառը առաջին ատյանի դատարանի պահվածքն է, որը «չի կարողացել պատշաճ կերպով կազմակերպել անաչառ երդվյալ ատենակալների ընտրության պրոցեսը»։
Ցարնաևի գործով նոր դատավարության ժամկետների մասին, ըստ ամերիկյան աղբյուրների, հայտնի կդառնա արդեն առաջիկա շաբաթներին։ Ջոխար Ցարնաևն իր ավագ եղբոր՝ Թամերլանի հետ ահաբեկչական հարձակում էր կազմակերպել 2013 թվականի գարնանը՝ Բոստոնի մարաթոնի ընթացքում։ Չեչեն եղբայրների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործարկման հետևանքով 3 մարդ էր զոհվել, ավելի քան 260-ը՝ վիրավորվել:
Պայթյունից մի քանի օր անց ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել Բոստոնի արվարձաններից մեկում՝ սպանելով Թամերլան Ցարնաևին և ձերբակալելով նրա կրտսեր եղբորը։