Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ Սեֆիլյանի կողմից դատավոր Մակյանին զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ


«Սասնա ծռեր»-ի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Քննություն է տարվում՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) 2-րդ մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով որոշում է կայացվել` դատավոր Մեսրոպ Մակյանին տուժող ճանաչելու մասին: Ժիրայր Սեֆիլյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու հանգամանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG