Մատչելիության հղումներ

Թրամփ. «Չեմ ուզում հետաձգել ընտրությունները, բայց չեմ ուզում կեղծված քվեարկություն»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:

ԱՄՆ նախագահի երեկվա թվիթերյան գրառումը դարձավ քաղաքական փոքրիկ սենսացիա. Դոնալդ Թրամփը նկատել տվեց, թե գուցե նպատակահարմար կլինի հետաձգել նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները:

Թրամփի աջակիցների կարծիքով, կորոնավիրուսի համավարակի պայմաններում համազգային քվերակությունը վտանգավոր է, իսկ փոստով հեռակա տարբերակով քվեարկելու կարգը հուսալի չէ:

«Փոստով քվեարկությունը կդառնա պատմության ընթացքում առավել անճիշտ և խարդախ ընտրությունը, դա կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար մեծ ամոթանք», - Թվիթերում գրել է Թրամփը և հարցական նշանով ավելացրել.- «Հետաձգե՞լ ընտրությունները՝ մինչև մարդիկ չկարողանան պատշաճ, անվտանգ և ապահով քվեարկե՞լ»:

Ամերիկյան նախագահական ընտրությունների ժամկետն ու կարգը հստակ ամրագրված են Սահմանադրությամբ, և որևէ փոփոխություն մտցնելու իրավունքը վերապահված է բացառապես օրենսդիր իշխանությանը՝ Կոնգրեսին:

2020 թվականի ընտրությունները հետաձգելու նույնիսկ տեսական քննարկումն անընդունելի է համարվում: Կոնգրեսում անմիջապես կոշտ արձագանք են տվել, ընդ որում ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականները:

«Փոստով քվեարկությունը կեղծիք կդառնա: 2,5 տարի է ասումն էին՝ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան, ոչինչ չգտան, որովհետև ոչինչ չկար։ Հետո էլ Չինաստան, այլ երկրներ, ասում էին, թե դրանք միջամտել են մեր ընտրություններին։ Իսկ փոստով քվեարկությունը կեղծելն ավելի հեշտ է, կարելի է կեղծել քվեաթերթիկները, դա շատ ավելի հեշտ է այլ երկրների համար», - ասել է Թրամփը:

Նա ակնարկել է, թե այս պայմաններում քվեարկությունը կհանգեցնի դատական երկարատև քաշքշուկների, իսկ հաղթողի անունը հայտնի չի լինի:

«Այդքան ընտրություններ եմ տեսել, գուշակում են, թե ով կարող է հաղթել, հետո հաղթողին են անվանում, իսկ այս դեպքում ինչպե՞ս, ի՞նչ կլինի նոյեմբերի 3-ից մեկ շաբաթ անց, կամ, եթե հաշվի առնենք դատավարությունները՝ մի քանի տարի անց։ Կամ էլ ընդհանրապես չենք իմանա, թե ով է հաղթել, նամակներով ուղարկված հարյուր միլիոնավոր քվեներ, մի քանի հարյուր միլիոն, ո՞ւր են գնալու, ո՞ւմ են հասցեագրվելու», - ասել է Թրամփը:

Նախագահը նաև հրաժարվել է ասել, թե արդյոք պարտվելու դեպքում կճանաչի արդյունքները:

Եվ այնուամենայնիվ տեսնելով, թե ինչ արձագանք է ստանում ընտրությունները հետաձգելու ակնարկը, Թրամփը երեկ իսկ պնդել է, որ այդպիսի ցանկություն չունի:

«Ուզո՞ւմ եմ ես, որ ժամկետը փոխենք՝ ոչ, բայց ես չեմ ուզում կեղծված քվեարկություն։ Այս ընտրությունները եթե այդպես անցկացվեն՝ կլինեն ամենակեղծվածը պատմության ընթացքում», - ասել է Թրամփը:

Հանրապետական նախագահը հայտնվել է անբարենպաստ պայմաններում․ ընտրություններին երեք ամիս է մնացել, կորոնավիրուսի համավարակը ծանրագույն վիճակ է ստեղծել, ավելի քան 4 միլիոն 600 հազար ամերիկացիներ վարակվել են, մահացել է ավելի քան 155 հազար մարդ:

Կորոնավիրուսի տարածումը չի հաջողվում զսպել։ Մարդիկ ասում են, թե իշխանությունները չեն կարողանում պայքարել վիրուսի դեմ, մասնագետները պնդում են, թե կարանտինի միջոցառումներն ուշ են մտցվել և շուտ են չեղարկվել, որոշ նահանգներում ստիպված վերականգնում են արգելքները:

Տնտեսությունը ծանրագույն վնաս է կրել: Տասնյակ միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից: Մեծ դեպրեսիայից հետո ամենախորն անկումն է: Ներքին համախառն արդյունքը գրեթե 33 տոկոսով նվազել է, կտրուկ աճել է նպաստներով ծայրը ծայրին հասցնող ամերիկացիների թիվը:

Այդ ամենի հետ մեկտեղ, Ամերիկայի տասնյակ նահանգների հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքներում տեղի են ունենում ռասայական անհավասարության դեմ բողոքի ցույցեր, որոնք հաճախ վերաճում են զանգվածային անկարգությունների, իսկ նախագահի թվիթերյան կամ բանավոր մեկնաբանություններն ու դաշնային ստորաբաժանումներ անհանգիստ բնակավայրեր ուղարկելու որոշումներն է՛լ ավելի են զայրացնում մարդկանց:

Դոնալդ Թրամփի թիմում գիտակցում են, որ այս իրավիճակում պարտվելու հավանականությունը փոքր չէ:

Հարցումների արդյունքները վկայում են, որ դեմոկրատական հավանական մրցակիցը՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն այս պահին վարկանիշով որոշակի առավելություն ունի:

Ենթադրվում է, որ Բայդենը փոխնախագահի պաշտոնում կառաջարկի այնպիսի թեկնածուի, որին կսատարեն սոցիալական, գենդերային և ռասայական անհավասարության դեմ բողոքող ամերիկացիները։

«Ես ընտրությունս կանեմ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում և խոստանում եմ, որ ձեզ այդ մասին կտեղեկացնեմ», - հուլիսի 28-ի նախընտրական հավաքում ասել է Բայդենը:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ, ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի ակնարկը տեղին չէր:

Ամերիկայում նախագահական ընտրություններն ունեն ավելի քան երկու հարյուրամյակի պատմություն, քվեարկությունները տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմի, «մեծ դեպրեսիայի» և նույնիսկ երկու աշխարհամարտերի տարիներին:

XS
SM
MD
LG