Մատչելիության հղումներ

Կայացել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը


Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումներից, հունիս, 2020թ.

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, որին մասնակցել է նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:

Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առնչությամբ կողմերը շեշտել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:

Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարման և հակահայկական հռետորաբանության դադարեցման, ինչպես նաև թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման միջոցով:

Հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Այդ և հաջորդած մի քանի օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ժամանակ կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 5 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ, ևս մեկ հայ զինծառայող ավելի ուշ զոհվել է դիպուկահարի կրակոցից:

Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է:

XS
SM
MD
LG