Մատչելիության հղումներ

Խարդախությամբ ավելի քան 170 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, նույն քաղաքի երկու այլ բնակչուհիների և Էջմիածին քաղաքի բնակչի օժանդակությամբ, չարաշահելով 13 քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ վերջիններից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Մասնավորապես, կինը ներկայացել է որպես «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամի Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի պատասխանատու, առաջարկել մտացածին ծրագիր՝ նշելով, որ ծրագիրն իրագործվում է մասամբ պետական սուբսիդավորմամբ, մասամբ իրենց բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, մասամբ էլ՝ ծրագրի շահառուների ներդրումներով, քաղաքացիների ներկայությամբ, իր հանցակիցների՝ իբր տարբեր պաշտոնյաների հետ վարելով նախապես պայմանավորված և բեմականացված հեռախոսազրույցներ, մոլորեցրել է նրանց:

Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի ծրագրով տնտեսություններ ստեղծելու, բարձր վարձատրվող տարբեր աշխատանքներով, թանկարժեք ավտոմեքենաներով և բնակարաններով ապահովելու, ինչպես նաև՝ շինություն վարձակալելու պատրվակներով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է տարբեր չափերի, ընդհանուր՝ 170 միլիոն 613 հազար 527 դրամ գումար։

Իջևանի 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախություն») 2-րդ մասի 2-րդ կետով (հինգ դրվագով) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ութ դրվագով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մյուս երեք անձանց՝ Իջևան քաղաքի երկու բնակչուհիներին և Էջմիածնի բնակչին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38(հանցակցություն)-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG