Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հաստատում է, որ կրճատելու է զորախումբը Գերմանիայում


Ամերիկացի զինվորականները Գերմանիայում զորավարժության ժամանակ, արխիվ

Վաշինգտոնը պաշտոնապես հաստատում է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբի կրճատման մասին տեղեկությունները՝ նշելով, որ դա տեղի կունենա արդեն մոտ ապագայում։ Չորեքշաբթի երեկոյան Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։

«Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության կողմից մշակված այս ծրագրով նախատեսվում է Գերմանիայի տարածքից դուրս բերել շուրջ 11 հազար 900 ամերիկացի զինվորականների։ Այդպիսով Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբի թիվը 36 հազարից կնվազեցվի մինչև 24 հազարի, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքը, ավելի արդյունավետորեն զսպել Ռուսաստանի գործողությունները։ Գերմանիայից դուրս բերվող 11 հազար 900 զինվորականներից 5 հազար 600-ը կվերատեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններում, իսկ 6 հազար 400-ը կվերադառնան Միացյալ Նահանգներ», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարը։

Մարկ Էսպերի խոսքով՝ Վաշինգտոնում արդեն իսկ որոշել են, թե հատկապես որ տարածաշրջաններ են տեղափոխվելու այն ամերիկացի զինվորականները, որոնք պետք է մնան Եվրոպայում։ Դատելով ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքից՝ Գերմանիայից զորքերի դուրսբերման գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումն է Ռուսաստանի հարավային և հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ։

«Մենք զորքերը դուրս ենք բերում Կենտրոնական Եվրոպայից, Գերմանիայից, որտեղ դրանք տեղակայված էին «սառը պատերազմի» տարիներից ի վեր։ Մենք շարժվում ենք դեպի [դաշինքի] արևելյան սահմաններ, որտեղ գտնվում են մեր նորագույն դաշնակիցները՝ դեպի Սևծովյան տարածաշրջան։ Մենք խոսել ենք նաև Լեհաստանում հավելյալ ուժեր տեղակայելու մասին, ինչպես նաև, կարծում եմ, հնարավորություն է առկա, որ զորքեր կմտցվեն նաև Բալթյան երկրներ», - հայտարարում էր Էսպերը՝ հատուկ ընդգծելով, որ այս տեղաշարժերը կիրականացվեն արդեն մոտ ապագայում։

«Ինչ վերաբերում է հարցին, թե որքա՞ն արագորեն են ստորաբաժանումները վերատեղակայվելու, կարող եմ ասել, որ դա շաբաթների հարց է։ Այստեղ որոշակի դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա, մենք սերտորեն աշխատում ենք Պետդեպարտամենտի հետ, և դիվանագետները ևս վստահ են, որ սա դրական քայլ է», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG