Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Լոռու նախկին մարզպետի օգնականին Վանաձորում 32.500 դրամով բնակարան վաճառելու համար


Վանաձորի քաղաքապետարան, արխիվ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 13 տարի առաջ Վանաձորի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բնակարանը չնչին գներով Լոռու մարզպետի օգնականին վաճառելու փաստով։

Իրավապահները համարել են, որ պաշտոնատար անձինք իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և համայնքին էական վնաս պատճառել։ Մասնավորապես, ըստ ոստիկանության, 2007 թվականի նոյեմբերին համայնքի ավագանին որոշել է Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող բնակարաններից մեկն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման համար, նույն վիճակում համայնքին հետ վերադարձնելու պայմանով տրամադրել Լոռու մարզպետի օգնական Տիգրան Բադոյանին և նրա 15-ամյա քրոջը։ Ավագանին քաղաքապետին լիազորել է կնքել բնակարանի օգտագործման պայմանագիր։ Մինչդեռ մեկ ամիս անց Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարզպետի օգնականի հետ կնքել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր։ Մարզպետի օգնականը համայնքի սեփական 2 միլիոն 178 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանը գնել է ընդամենը 32 հազար 500 դրամով։

Ուշագրավ է, որ մարզպետի օգնականը կադաստրային արժեքից 67 անգամ էժան, գրեթե անհատույց ձեռքբերած բնակարանը, ընդամենը երեք ամիս անց վաճառել է 3 միլիոն 700 հազար դրամով։

Նշենք, որ համայնքային սեփականությունն իր սեփականը դարձրած Տիգրան Բադոյանը 4 տարի անց նշանակվել է մարզպետի տեղակալ։ Այդ տարիներին Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության վարչությունը ղեկավարած Քաջիկ Թադևոսյանը «Ազատությանն» ասաց՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրել են ոստիկանությանը, բայց նշեց, թե իր կարծիքով բնակարանի հատկացումն օրինական է եղել։

«Փաստաթղթերը մենք ներկայացրել ենք, թող իրենք որոշեն դա օրինական է, թե չէ, ամեն դեպքում միջնորդագիր եղել է Լոռու մարզպետի կողմից, ավագանին քննարկել է այդ հարցը: Բադոյանին տրված տունը եղել է թալանված բնակարան, նենց չի եղել, որ շատ լավ վիճակում է եղել և այլն», - ասաց Թադևոսյանը:

Դեռ երկու տարի առաջ Վանաձորում 30 տարի տնակներում ապրող բնակիչները համայնքային ենթակայության բնակարաններն իրենց հատկացնելու պահանջով դիմել էին քաղաքապետարան։ Պնդում էին, թե քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներն են տնօրինում այդ բնակարանները։ Անգամ մեղադրանքներ էին հնչեցնում, թե վաճառում են դրանք։

Համայնքապատկան բնակարանների մասին հակասող տեղեկություններ տրամադրելու մեղադրանքներ էին հնչեցնում նաև իրավապաշտպանները։ Գևորգ Քոթանջյանը կասկածներ ուներ, որ մի քանի տասնյակ համայնքին պատկանող բնակարան յուրացվել է կամ դրանց մասին Վանաձորի իշխանությունների տրամադրած տվյալները կեղծ են։ Անգամ հատուկ հանձնաժողով ձևավորվեց այդ բնակարանների խնդիրն ուսումնասիրելու համար, տվյալները ուղարկեցին Պետական վերահսկողական ծառայություն, բայց այդպես էլ որևէ բացահայտում չեղավ։

Քաջիկ Թադևոսյանը, որ նախկինում վարչության պետ էր, իսկ այսօր բնակարանային տնտեսության բաժնի մասնագետ, ասում է՝ համայնքի տիրապետության տակ այսօր միայն վթարային շենքի բնակարաններ են կամ դրանք թալանված ու անբնակ են։ Նա պնդում է, թե ամեն տարի հայտարարություն են տարածում ցանկացողներին անվճար տրամադրելու համար, բայց ցանկացողներ չեն լինում։

«Այս պահի դրությամբ մենք ունենք բնակարաններ, որ պատրաստ ենք տալ, 6 ամսվա ընթացքում մենք խնդրում էլ ենք, շենքը փրկելու հարց է», - ասաց Թադևոսյանը:

Այս պահին պաշտոնական տվյալով Վանաձորում կա չսեփականաշնորհված 530 բնակարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG