Մատչելիության հղումներ

Առաջիկայում կմեկնարկի Երևանում և Հրազդանում խոշոր նոր աղբավայրերի շինարարությունը


Աղբահավաք մեքենա Երևանում, արխիվ

Աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրն են քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու երկրում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն:

Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես արդեն իսկ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի արդեն առաջիկայում:

Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:

Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Վարչապետը կարևորել է երկրում աղբահանության բարձր մակարդակով կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG