Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն իշխանությանը տալիս է սոցիալական ցանցերը խիստ հսկողության տակ վերցնելու հնարավորություն:
Նոր օրենքի համաձայն, Twitter, Instagram և Facebook ընկերությունները պարտավորում են ենթարկվել Թուրքիայում գործող կանոններին, այլապես կտուգանվեն:
Սոցիալական ցանցերը կպարտավորվեն Թուրքիայում բացել ներկայացուցչություններ, որոնք պետք է ղեկավարեն Թուրքիայի քաղաքացիները:
Այդ պաշտոնյաներն իրավական պատասխանատվություն են կրելու հարթակներում տեղադրվող նյութերի համար և պետք է միջոցներ ձեռնարկեն ու արգելեն ոչ արժանահավատ կամ անօրինական բովանդակության տեղեկությունների հրապարակումը:
Եթե սոցցանցերը չենթարկվեն Թուրքիայում ներկայացուցչություններ բացելու պահանջին՝ դրանց մատչելիությունը Թուրքիայի տարածքում կսահմանափակվի կամ նույնիսկ կարգելվի:
Օրինագիծը հեղինակել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Թուրքիայի ղեկավարները սկսել են քննադատել սոցցանցերի աշխատանքն այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Twitter-ում հաղորդել է չորրորդ երեխայի ծնվելու մասին:
Օգտատերերն այդ գրառմանն արձագանքել են ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև՝ իշխանություններին հասցեագրված հեգնական մեկնաբանություններով և խիստ քննադատությամբ: