Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, որ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում կհայտնի, թե ում է առաջադրելու փոխնախագահի պաշտոնում:
Նա ասել է, որ հաղթանակի դեպքում իր օրակարգում կլինի ոչ սպիտակամորթ ամերիկացիների սոցիալական ծանր խնդիրների կարգավորումը:
Բայդենի փոխանցմամբ, միլիարդավոր դոլարներ կհատկացվեն ռասայական փոքրամասնություններին պատկանող բիզնեսին սատարելու և այդ փոքրամասնությունների համար մատչելի տներ կառուցելու ծրագրերին:
Երեկ ելույթ ունենալով Դելավերի նահանգում իր հայրենի ավան Վիլմինգթոնում, Բայդենը խստորեն քննադատել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի արձագանքը կորոնավիրուսի համավարակին և ռասայական անհավասարության հետևանքով ծավալված բողոքի ակցիաներին:
«Դոնալդ Թրամփը տապալել է երկրի, այլ ոչ թե վերընտրվելու մասին հոգալու նախագահների առաջնահերթ առաքելությունը», - ասել է Բայդենը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:
Հարցումների արդյունքները վկայում են, որ վարկանիշի առումով Թրամփն այսօրվա դրությամբ մի քանի տոկոսով զիջում է Բայդենին: