Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մոտ 31 մլն դրամի առերևույթ չարաշահումներ է բացահայտել Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայաններում


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր բացահայտելու մասին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ հիշյալ օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով 17 անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60-75 հազար դրամի չափով:

Մասնավորապես՝ այդ պաշտոնատար անձինք 2014-ից մինչև 2020-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, ապա դրանք ներկայացրել են վճարման: Արդյունքում՝ կազմակերպության բյուջեից դուրս են գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի, շուրջ 30 միլիոն 700 հազար դրամի չափով աշխատավարձի գումարներ, որոնք պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG