Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը


Յուրի Խաչատուրովը դատարանի դահլիճում

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական դատական նիստին կրկին միջնորդություններ ներկայացվեցին։

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, 2008-ին պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը դատարանին խնդրեց թույլ տալ իր պաշտպանյալին մի քանի օրով լքել Հայաստանը։

Միհրան Պողոսյանն ասաց, որ պաշտպանյալի ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են Վրաստանում և երկրից դուրս գալու նպատակը գերեզման այցելելն է. – «Հարգելի դատարան, 2018 թվականի նոյեմբերի 4-ից սկսած Հայաստանի սահմանները պարոն Յուրի Խաչատուրովը չի լքել: Բոլորիս հայտնի է նաև, քրեական գործի նյութերում էլ կա, որ վերջինս ծնվել է Վրաստանի Հանրապետության Թեթրի Ծղալո համայնքում, նրա ծնողները և եղբայրը հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018-ի նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ»:

Դատախազներ դեմ չէին Խաչատուրովի ցանկության իրագործմանը։ Բայց դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ կորոնավիրուսային պայմաններում սահմանային տեղաշարժը դժվար կիրառելի է. – «Քանի որ սահմանը հատելու հնարավորությունը կարող է առաջանալ ինչ-որ մի օրից, երբ Կառավարությունը փոխի սահմանված ռեժիմը, միգուցե հենց էդ ռեժիմը սահմանված լինելու ժամանակ էլ քննարկենք: Երբ որ էդ հնարավորությունը կլինի, հարցը նորից բարձրացվի, մենք էդ հարցին... էն հարցերը, որոնք որ ասում ենք, որ կկանխատեսենք, և դա դատական նիստերի ձգձգման պատճառ չի դառնա, ավելի առարկայական կլինեն դրանք, կնայենք կտեսնենք սահմանահատման ռեժիմը ինչ բովանդակություն ունի, ինչ փոփոխությունների է ենթարկվում, ինչ սահմանափակումներ կան, էդ սահմանափակումները ռիսկեր արդյոք առաջացնում են, որ կարող է նորից լրիվ սահմանափակում պարտադրվել, և ըստ այդմ կայացնենք համապատասխան որոշում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց թույլատրել Խաչատուրովին լքել երկիրը համավարակի այս շրջանում՝ շեշտելով, որ նման հնարավորություն կընձեռնի հետագայում. – «Տվյալ պարագայում դատարանը ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որ կարող են խոչընդոտել Յուրի Խաչատուրովին դատարան ներկայանալ, մասնավորապես առաջիկա դատական նիստերին ներկայանալ: Բացի այդ դատարանը արձանագրում է, որ այդ փաստարկումը, որը դրված է եղել Յուրի Խաչատուրովի դիմումի հիմքում, մասնավորապես վկայակոչված չէ այնպիսի հրատապ, անհետաձգելի լուծում պահանջող հարց, որի համար անհրաժեշտ կարող է լինել Յուրի Խաչատուրովի մեկնումը, և համադրելով դա դատարանի կողմից արձանագրված խոչընդոտների հետ, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG