Մատչելիության հղումներ

Ալիս Հովհաննիսյան․ Ստեղծագործական պասիվությունն ինձ դեռ չի սպառնում


«Ստեղծագործական պասիվությունն ինձ դեռ չի սպառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համավարակային այս ժամանակաշրջանում իր ստեղծագործական ընթացքին, որը զուգահեռվել է նաև տարիների ընթացքում կուտակված իր գրական արխիվը կարգի բերելով. – «Իմ աշխատասենյակը կարգի բերելը, գրքերս կարգի բերելը, մտքերս կարգի բերելը ահագին աշխատատար պրոցես էր, որը դեռ շարունակվում է: Նաև, ինչպես գիտեք, «Գրական թերթում» Զորայր Խալափյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ էի զբաղվում: Րաֆֆուց հետո անցա Զորայր Խալափյանին: Հետո, քանի որ այս տարի Աղասի Այվազյանի ծննդյան 95-ամյակն է, արդեն մի հինգ էսսե տպագրել եմ: Աղասի Այվազյանի ստեղծագործությունների գեղարվեստական վերլուծությունների էսսեներ են:

«Ազատություն». – Այս ամբողջ ընթացքը, արտակարգ իրավիճակը, համավարակը, այս համամարդկային փորձությունը ինչպե՞ս եք գնահատում ոչ միայն որպես պարզ քաղաքացի, այլ գրողի հայացքով: Ծնունդ կառնե՞ն նոր գործեր, մարդը կփոխվի՞, մարդու տեսակը կփոխվի՞:

Հովհաննիսյան. – Ես կարծում եմ, որ իսկապես շատ բան պիտի փոխվի սրանից հետո, որովհետև մենք հասկացանք բաներ, որ մի քանի ամիս առաջ երևակայել անգամ չէինք կարող: Օրինակ, չէինք կարող երևակայել, որ միմյանց հետ անմիջական շփման մեջ չենք լինելու: Պատկերացրեք, որ միառժամանակ այդ անմիջական շփման բացակայությունը նույնիսկ ուրախալի էր, թեև իհարկե գիտակցում էի, որ աշխարհում լավ բան չի կատարվում, բայց շատ էինք միմյանց հետ վազվզում այս կողմ, այն կողմ, օրը չէր հերիքում, ժամը չէր հերիքում, ամեն բան կիսատ-պռատ էինք անում: Իսկ հիմա մի տեսակ խորացանք մեր մեջ: Եվ էդ անմիջական շփումների բացակայությունը մի քիչ լավ ազդեցություն ունեցավ իմ վրա: Բայց հիմա արդեն զգում եմ, որ չէ...»

«Ազատություն». – Այսօր գրողը ի՞նչ կարգավիճակում է, գրողներից շատերը ֆինանսական բարդություններ ունեն և հատկապես այս համավարակի օրերին լուրջ խնդիրների առջև են կանգնել: Ինչ-որ աջակցություն ստանո՞ւմ եք կամ ստացե՞լ եք պետությունից, կամ ակնկալո՞ւմ եք գրողներդ որևէ աջակցություն:

Հովհաննիսյան. – Բարեբախտաբար, ես աջակցության սուր կարիք չեմ զգում, ապահովված եմ այդ առումով, թեև «Գրական թերթից» հոնորար եմ ստանում: Գումար է, միգուցե նույնիսկ պայմանական, բայց... եթե անգամ 300 դրամ է ստանում գրողը իր աշխատանքի համար, դա մեծ ուրախություն է պատճառում իրեն, որովհետև իր գրածի համար է ստանում: Գրողը չի կարող չգրել, ուզի թե չուզի: Դա իր ճակատագիրն է, իր կոչումն է: Այդպես ծնվել է այդ մարդը: Ես էլ, կարծում եմ, դրանց շարքին եմ պատկանում: Վարձատրվեմ, չվարձատրվեմ, գնահատվեմ, չգնահատվեմ... բարեբախտաբար գնահատվում եմ, այնպես չի, որ չեն կարդում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Ալիս Հովհաննիսյան․ Ստեղծագործական պասիվությունն ինձ դեռ չի սպառնում
please wait

No media source currently available

0:00 0:06:32 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG