Մատչելիության հղումներ

Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Հայաստան ռազմական «Կամազ»-ների առաքման մասին լուրը


Վրաստանի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանի, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին կտրականապես հերքում է ադրբեջանական մամուլում և Վրաստանի ընդդիմադիր որոշ շրջանակներից հնչող պնդումները, որոնց համաձայն Ռուսաստանը օգտագործում է երկրի տարածքը՝ Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելու համար։

Այս հայտարարությունները հնչեցին Թբիլիսիում շրջանառվող այն լուրերին ի պատասխան, թե Ռուսաստանն իբր մտադիր է մոտ ապագայում Վրաստանի տարածքով 300 ռազմական բեռնատար ուղարկել Հայաստան։

Վրաստանի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանիի պնդմամբ, սակայն, այդ տեղեկությունները տարածվում են վրացական որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից՝ հստակ նախընտրական նպատակներով։

«Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ կոնկրետ կուսակցության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները տեղեկատվություն են խեղաթյուրում՝ փորձելով այն ներկայացնել իրենց շահավետ լույսի ներքո։ Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և Թբիլիսիի տեսակետը շատ հստակ է՝ Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի», - հայտարարում էր Վրաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

Կուսակցական լրատվամիջոց ասելով՝ Չիքովանին նկատի ուներ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների տեսակետները ներկայացնող «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։ Այդ հեռուստաալիքը անցած շաբաթ լայնորեն տիրաժավորեց ադրբեջանական Haqqin.az կայքի հրապարակումը, որի համաձայն Հայաստանը Սերբիայից սպառազինություն է գնել՝ այն Երևան հասցնելով Վրաստանի տարածքով։

Այժմ էլ ահա ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, թե Ռուսաստանը Հայաստանին «Կամազ» մակնիշի բեռնատարներ է առաքելու, որոնք կարող են որպես համազարկային կրակի «Գրադ» համակարգերի պլատֆորմ ծառայել։

Հեռուստաընկերությունը նաև պնդում է, թե կարողացել է պարզել այն տրանսպորտային ընկերության տվյալները, որին իբր պատվիրվել է բեռատարների փոխադրումը։ «Մթավարի արխի»-ն, այդուհանդերձ, չի հստակեցնում, թե ի՞նչ կարիք կա Ռուսաստանից Հայաստան բեռնատարներ փոխադրելու համար վրացական տրանսպորտային ընկերություն վարձել։

Թբիլիսցի անկախ փորձագետները Սաակաշվիլիի կողմնակիցներին պատկանող հեռուստաալիքով տարածվող այս տեղեկություններին ևս խիստ թերահավատորեն են վերաբերվում։ Վերլուծաբանները նախ հիշեցնում են, որ ռուսական սպառազինության տարանցիկ փոխադրումները Վրաստանի տարածքով օրենսդրորեն արգելված են։

Ավելին, վրացական օրենսդրության համաձայն, երկրի տարածքով ցանկացած երկրի արտադրության սպառազինություն փոխադրելու դեպքում հարկավոր է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական թույլտվությունը՝ առաքվող ապրանքի մանրամասն նկարագրությամբ։

«Հայաստանի տարածքում է գտնվում ռուսաստանյան ռազմաբազան, և Հայաստանն այնտեղ կարող է այնքան զենք ու զինամթերք գնել, որքան ցանկանում է։ Դա շատ ավելի հեշտ է և էժան, քան այդ ամենը Հայաստան հասցնել, ասենք, Սերբիայից։ Այնպես որ, կարծում եմ, որ այս տեղեկատվությունն անտրամաբանական է։ Էլ չասած այդ տեղեկատվության աղբյուրի «դեղին» համբավի մասին», - «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում նշում էր քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։

Քաղաքագետի խոսքով, ի դեպ, այդ բոլոր մեղադրանքները «զառանցանք են», որոնց առիթվ անգամ Բաքվում Վրաստանի դեսպանից Ադրբեջանի իշխանությունները որևէ բացատրություն չեն պահանջել։

Անցած շաբաթավերջին Բաքվից հնչող պաշտոնական դժգոհությունների բացակայության մասին էր խոսում նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ չհերքելով, սակայն, որ ինչ-որ բեռնատարներ այնուհանդերձ եղել են։

«Լրատվամիջոցներում տեղ գտնող այդ հրապարակումները հիմնված են ոչ ճիշտ տեղեկատվության վրա։ Դուք տեսե՞լ եք համացանցում հրապարակված լուսանկարները։ Դրանցում պարզապես բեռնատարներ են պատկերված, առանց որևէ սպառազինության։ Հավատացնում եմ ձեզ, այս ամենը հետաքրքրություն կներկայացնեին միայն մի դեպքում՝ եթե Թբիլիսիի և Բաքվի միջև այդ առթիվ քննարկումներ ծավալվեին։ Ներկա իրավիճակում, սակայն, կարող եմ միայն ասել, որ Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը ոչինչ չի սպառնում», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG