Մատչելիության հղումներ

Արդեն չորս ամիս է՝ գերմանացի ուսանողի առօրյան հայկական է


Գերմանացի ուսանող Ֆիլիպ Կլինկը զրուցում է «Ազատության» հետ
Գերմանացի ուսանող Ֆիլիպ Կլինկը զրուցում է «Ազատության» հետ

«Բարև Ձեզ, ես Ֆիլիպն եմ». - գերմանացի Ֆիլիպ Կլինկը համալսարան ընդունվել էր Վրաստանում, սակայն ուսումը շարունակեց Արարատի մարզի Վանաշեն համայնքում՝ հեռավար էր մասնակցում դասերին։ Մարտին մեկ շաբաթով Հայաստան էր եկել շրջագայելու նպատակով, սակայն կորոնավիրուսի պատճառով սահմանները փակվեցին, արդեն 4 ամիս է՝ Ֆիլիպի առօրյան հայկական է։

Օրը սկսվում է նախաճաշից, իսկ նախաճաշի թարմ հավկիթները ժամանակ առ ժամանակ հենց ինքն է հավաքում հավաբնից։ Նախաճաշին արդեն սիրելի դարձած ուտեստներն են, որ իր համար հայկական են։

Վանաշենում ընկերոջ՝ Հարութի ընտանիքում է ապրում, միասին Վրաստանում ծանոթացել էին ճանապարհորդության ընթացքում։

«Մի կողմից` այդ պահին այլ տարբերակ չունեի, քանի որ Վրաստանի հետ սահմանը փակվեց, և ես չէի կարող այնտեղ վերադառնալ։ Բայց մյուս կողմից էլ բախտս բերեց, որ ուսումնական ամբողջ կիսամյակը հեռավար էր։ Նրանք ամեն բան շատ լավ էին կազմակերպել, այնպես որ ես կարողացա այստեղ մնալ ու դասերից հետ չընկնել։ Այստեղ ես բավականին հանգիստ կյանքով եմ ապրում, քանի որ, անկեղծ ասած, նման պայմաններում հայկական գյուղում մնալն ավելի հաճելի է, քան եթե Թբիլիսիում լինեի, որտեղ փոքր բնակարանում կմնայի։ Դա սարսափելի կլիներ», - ասում է գերմանացի ուսանողը:

Ֆիլիպը դասերի ժամանակ իրեն հյուրընկալած ընտանիքի հետ նաև համակարգիչն էր կիսում։ Երբևէ չէր էլ մտածի, որ նման իրավիճակում կհայտնվի. նոութբուքն ու ուսման հետ կապված մյուս պարագաները Թբիլիսիում էր թողել։

21-ամյա գերմանացին Վանաշենում տնտեսագետի ուսումը համատեղեց գյուղական կյանքի հետ։ Ասում է՝ գյուղի կյանքն իր համար փորձառություն էր, բայց՝ լավ իմաստով։

«Ավելի հաճելի է ինտեգրվել նոր մշակույթ։ Այդ դեպքում գործ ունես ամբողջությամբ այլ լեզվի, այբուբենի հետ, և դա այնքան հետաքրքիր է։ Որպես գերմանացի՝ միայն Գերմանիայում ապրելն ինձ համար շատ ձանձրալի կլիներ», - նշում է երիտասարդ գերմանացին:

Ֆիլիպը Հայաստանում սիրեց ծիրանը, որ կեսօրին հենց իր ձեռքերով ծառից է քաղում։ Ասում է՝ ծիրան կերել էր մինչ Հայաստանը գալը, սակայն իրական համը բացահայտեց հենց այստեղ։

Գերմանացու համար բացահայտում էր նաև հայկական խոհանոցը. - «Իսկապես ինձ շատ է դուրս գալիս, թե ինչքան կանաչ ու թարմ են հայկական ուտելիքները։ Դրանք շատ առողջարար են։ Մինչև հիմա, բնականանար, շատ բան եմ փորձել, ամենից շատ ձեր քաբաբը, խորովածն եմ հավանել, դա լավաշի մեջ եք դնում, համեղ համեմունքներ ու սոուսներ եք ավելացնում, դա իսկապես սննդի գունեղ համադրություն է»:

Սա Ֆիլիպի երկրորդ այցն է Հայաստան, եղել է գրեթե բոլոր տեսարժան վայրերում, իր ճամփորդական քարտեզում Հայաստանն ամենակենտրոնում է։ Այստեղ գալ դեռ էլի է պատրաստվում. - «Ես կպահպանեմ սերտ կապերս Հայաստանի հետ, էլի կգամ՝ տարվա մեջ մեկ, երկու կամ ավելի անգամներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG