Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր


Բացահայտվել են Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր, հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Համաձայն հաղորդագրության, ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք 2018 թվականի մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն:

Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, «փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք, Հայաստանի կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ սահմանված կարգով լիազորված լինելով տրանսպորտային միջոցները հաշվառել «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով, ի թիվս այլնի, նույն ընթացակարգով պարտավորված լինելով զննել քաղաքացիների կողմից հաշվառման-քննական բաժանմունք ներկայացրած տրանսպորտային միջոցները և դրանց իրական տվյալները համեմատել փաստաթղթային տվյալների հետ, 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյան ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝ փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG