Մատչելիության հղումներ

Վանաձորում ասֆալտապատման որակի վերաբերյալ հակասական լաբորատոր եզրակացությունների փաստով հարուցվել է քրեական գործ 


Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ստուգում է ասֆալտապատման որակը
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ստուգում է ասֆալտապատման որակը

Դատախազությունը քրեական գործ է հարուցել այս տարի Վանաձորում հիմնանորոգված ճանապարհի որակի վերաբերյալ երկու տարբեր լաբորատորիաների տված իրար հակասող եզրակացության փաստով։

«Մ Բուատ» շինարարական ընկերության պատվերով «Աբաջյան» ընկերությունը լաբորատոր փորձաքննությամբ համարել էր, որ ասֆալտի խտությունն ու այլ անհրաժեշտ չափանիշներ համապատասխանում են պահանջներին։ Մինչդեռ Կառավարությունը չէր վստահել այս արդյունքներին ու դիմել էր մեկ այլ լաբորատորիա՝ «Հայավտոճան» ընկերությանը, որի տված եզրակացությամբ արդեն ասֆալտն անորակ էր։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դիմել էր դատախազություն՝ պարզելու, թե որ լաբորատորիայի եզրակացության մեջ կեղծիք կա։

Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է առաձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ դրան օգտագործելու փաստով։

Դատախազությունը երրորդ փորձաքննությունը կանցկացնի՝ պարզելու, թե որ լաբորատորիան է կեղծել արդյունքները։ Նախաքննությունը շարունակվում է։

Երեկ Լոռու մարզպետը նմանատիպ թերություններ արձանագրեց նաև Ալավերդիում։ Այստեղ էլ ասաց, որ համայնքում դեռևս անցած տարվանից իրականացվող մայթերի բարեկարգման ծրագրի դիմաց շինարարը գումար չի ստանա, եթե մինչև օգոստոսի 1-ը չվերացնի բոլոր թերությունները։

Ալավերդի քաղաքի կենտրոնով անցնող Թումանյան փողոցի փոսալցման, մայթերի սալիկապատման և կանգառների վերանորոգման համար անցած տարի Կառավարությունն ու համայնքը հատկացրել էին 44 միլիոն դրամ։ Ծրագիրը պետք է ավարտվեր մեկ տարի առաջ, բայց Կառավարության որոշմամբ ժամկետները հետաձգվեցին, որպեսզի շինարարին հնարավորություն տան ավելի որակյալ անել աշխատանքը։

Սակայն մինչև այսօր մոտ մեկուկես կիլոմետրանոց մայթի սալիկապատումը ոչ միայն չի ավարտվել, այլև, ըստ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, թերություններ կան. սալիկապատված որոշ հատվածներում արդեն խոտ է աճել, որոշ տեղերում սալաքարերն անհարթ են շարված, եզրաքարերն էլ ամրացված չեն. – «Էլի անընդունելի վիճակ է: Այսինքն ունեցել եմք մեկ տարի, մի քիչ ավելի ժամանակ, բայց աշխատանքները շինարարըչի ավարտել: Եվ հիմա ունենք ընդամենը 7-8 օր, և պետք է բացի այն որ բավականին հատված ավարտենք, նաև թերությունները վերացնենք»:

Շինարարությունն իրականացնող «Յոնգ ինվեստ» ընկերության ներկայացուցիչ Մանվել Ստեփանյանը համաձայնեց՝ թերություններ կան, որոնք կվերացնեն սահմանված ժամկետում։

Դեռ անցած տարվա վերջին Լոռու մարզպետն այստեղ մեծ թերություններ էր հայտնաբերել նաև նույն ծրագր շրջանակներում իրականացվող փոսալցման աշխատանքներում։ Նրա խիստ պահանջներից հետո միայն թերությունները շտկվեցին։ Շինարարական ՍՏԱԳընկերությունը որոշ հատվածներում կրկնակի, անգամ եռակի ասֆալտապատում արեց, որից հետո միայն շինարարն ստացավ իր վարձատրությունը։

Երեկ Ալավերդիում մարզպետը նաև շեշտեց, որ քաղաքը ունենալով ավելի քան 700 միլիոն դրամանոց բյուջե` ամեն տարի ընդամենը մեկ սուբվենցիոն ծրագիր է ներկայացնում, մինչդեռ առնվազն 50 միլիոն դրամի ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունի, և նույնքան գումար էլ Կառավարությունից ստանալով, կարող է զարգացման լուրջ քայլեր իրականացնել Ալավերդիում։

Համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը հակադարձեց, ծախսերը շատ են, ունեցած գումարը՝ քիչ. – «Մեր համայնքը նախ ունի ռելիեֆի հետ կապված լրացուցիչ լուրջ ծախսերի խնդիր: Օրինակ բերեմ, մենք ունենք մանկապարտեզ, մեկ տարվա ծախսը 36 միլիոն է, դա նախկին հինգ գյուղի ծախս ա մեկ տարվա համար»:

Մինչդեռ մարզի ղեկավարը հակադարձում է, թե 700 միլիոն դրամ բյուջե ունեցող համայնքն առնվազն 100 միլիոն սեփական եկամուտներ պետք է ունենա համայնքի խնդիրները լուծելու համար։ Ղուկասյանը շեշտում է, որ ֆոնդային բյուջեն գոյանում է համայնքային հողերի, տարածքների ու շինությունների վաճառքից, մինչդեռ տարիներ շարունակչնչին գներով են օտարվել այդ տարածքներն ու գույքը, ևհամայնքին մեծ վնասներ պատճառել. – «Մինչև օրս համայնքապետերը փորձում եմ հողը վաճառել ամենաէժան գնով, կադարաստարային գնով: Ինչը որ շուկայական գների համեմատ շատ ցածր գներ են: Եվ համայնքապետը համայնքի շահերը պահելու համար պետք է հնարավորինս թանկ փորձի օտարի իր ունեցած գույքը, հողատարածքները: Բայց էդ մոտեցումը չկա»:

Անցած տարի Անդրեյ Ղուկասյանն Ալավերդի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին ծանոթանալիս հայտարարել էր, թե «տարիներ շարունակպաշտոնյաները քայքայել և սպառել են Ալավերդի քաղաքն ու մեծ վնաս հասցրել»։

Երեկ նա դարձյալ կոշտ հայտարարություն արեց, թե փորձում է ազատել համայնքները ի շահ համայնքի չգործող համայնքապետերից. – «Էն մարդիկ, որոնք կոչված են համայնքի շահերը պաշտպանելու, իրենք են ոտնահարում համայնքի շահերը: Եվ ես էսօր, որպես մարզպետ, համայնքները պաշտպանում եմ համայնքապետերից և ավագանիներից: Ինչը շատ տարօրինակ է և անընդունելի»:

XS
SM
MD
LG