Մատչելիության հղումներ

Վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը


Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը («Բարգավաճ Հայաստան»), ինչպես «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դատախազությունը, հղվելով նախաքննության գաղտնիությանը, չի հայտնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել պատգամավորը:

Երեկ հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանը գրությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահին` տեղեկացնելով, որ դուրս է գալիս Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Մամուլում վարկած է շրջանառվում, թե Բագրատյանի խմբակցությունից հեռանալը կապված է նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում ինչ-որ քրեական գործի հետ:

Ընդդիմադիր խմբակցությունից հեռանալը նշանակում է, որ Բագրատյանը կդառնա անկախ պատգամավոր` եթե, իհարկե նաև մանդատը վայր չդնի: Նման օրենսդրական պահանջ, սակայն, չկա:

Սերգեյ Բագրատյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրա հեռախոսն անջատված է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենց ևս շուրջ մեկ ամիս է չեն կարողանում կապ հաստատել Սերգեյ Բագրատյանի հետ, իսկ նրա խմբակցությունից դուրս գալն իրենց համար անակնկալ է եղել. – «Որևէ տարաձայնություն պարոն Բագրատյանի հետ երբևէ որևէ անգամ ոչ խմբակցության որևէ պատգամավորի, ոչ խմբակցության ղեկավարի հետ չի եղել: Մենք միշտ շատ ակտիվ աշխատանքային, գործընկերային, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Սերգեյ Բագրատյանի հետ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պարոն Բագրատյանի հետ որևէ կապ չի եղել, որովհետև իր հեռախոսները մշտապես եղել են անհասանելի: Մեզ համար իսկապես անակնկալ է եղել, նախապես մենք չենք իմացել այդ դիմումի մասին: Տեղեկացել ենք ինչպես դուք, Ազգային ժողովի կայքից: Որևէ մեկնաբանություն, թե ինչու է Սերգեյ Բագրատյանը դուրս եկել խմբակցությունից չեմ կարող տալ այն պարզ պատճառով, որ որևէ կապ առ այս պահը Սերգեյ Բագրատյանի հետ չկա: Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց մինչ այն պահը, երբ մեզ կհաջողվի զրուցել Սերգեյ Բագրատյանի հետ»:

«Ենթադրություններ կան և կարող են լինել», - շարունակեց Զոհրաբյանը: - «Բայց ցանկացած ենթադրություն լեգիտիմ չէ: Մեզ համար շատ կարևոր կլինի Սերգեյ Բագրատյանի մեկնաբանությունը, եթե ինքը հարկ և պատշաճ կհամարի մեկնաբանել: Ես չեմ կարող իմ ենթադրությունը հրապարակել, մինչև Սերգեյ Բագրատյանը չխոսի: Սա այն գործը չէ, որ մենք առաջնորդվենք ենթադրություններով: Ունենք զրո տեղեկատվություն, թե ինչու է Սերգեյ Բագրատյանը դուրս եկել խմբակցությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG