Մատչելիության հղումներ

Վաղը կամփոփվի ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններում թափուր տեղերի մրցույթը


Դիմորդների բողոքի ակցիան Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 22-ը հուլիսի, 2020թ.

Վաղը Գնահատման և թեստավորման կենտրոնը կամփոփի ընդունելության քննություններում թափուր տեղերի մրցույթը:

736 դիմորդ անցողիկ շեմը հաղթահարել է, բայց որևէ ԲՈՒՀ չի ընդունվել, մի քանի օր է՝ դիմորդներն ու շրջանավարտները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով տեղեր ավելացնել. այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց՝ 530 դիմորդ հայտ է լրացրել թափուր տեղի համար: «Շանսերը, բնականաբար, կապված են իրենց միավորի հետ, այսինքն՝ ինչքան բարձր, այնքան ավելի շանսերը շատ են: Բայց հիմնականում դիմել են հումանիտար մասնագիտություններով՝ սովորաբար մրցույթի երկրորդ փուլում այդպես էլ լինում: Թափուր մասնագիտություններ, գիտեմ, որ, օրինակ, իրավագիտության մասնագիտության թափուր տեղեր կան Գավառի և Շիրակի պետական համալսարաններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Հայաստանյան ԲՈՒՀ-երում այս պահին շուրջ 11 հազար թափուր տեղեր կան, բողոքող դիմորդների մեջ շատ են բարձր միավորներով Պետհամալսարանի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» ու «Իրավագիտություն» մասնագիտություններն առաջին հայտով ընտրած ու դուրս մնացածները: Անգլերենով թափուր տեղ չկա, բայց իրավագիտության 18 թափուր տեղ կա Գավառի պետական համալսարանում։

18,5 բալով դուրս մնացած Էվելինան թափուր որևէ տեղի համար չի դիմել: «Ճիշտն ասած, ես սկզբում տեսա, ընդամենը մի ֆակուլտետ էր մնացել՝ պատմություն, բայց հիմա ոնց որ այդտեղ էլ տեղ չկա, ոնց որ հարմար բաժին չկա, որ ես ընդունվեմ, ու, ճիշտն ասած, չեմ էլ ուզում: Ես չեմ ուզում Գավառի համալսարանում սովորել, ես հիմա պայքարում եմ Երևանի Պետական համալսարանում սովորելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց դիմորդը՝ հավելելով. - «Հույս ունեմ, որ այդ հարցին իրենք լուծում կտան ու բոլորիս հնարավորություն կտան սովորելու մեր ուզած ֆակուլտետներում»:

Հումանիտար առարկաների առումով պետական ԲՈՒՀ-երում խցանում է, այնինչ 28 տեղ ազատ է Պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, սննդի անվտանգության բաժնում ազատ տեղերը 18-ն են, Պոլիտեխնիկում 25 տեղ կա էլեկտրամեխանիկ դառնալ ցանկացողների համար, Ճարտարապետաշինարարական համալսարանում 116 տեղ ազատ է տնտեսագիտության բաժնում: Ի դեպ՝ համատարած թափուր են մասնավոր բուհերի բոլոր ֆակուլտետները:

Այս տարի միասնական քննություն է հանձնել շուրջ 11 հազար 588 դիմորդ, նրանցից 8 հազար 660-ը արդեն ուսանող են, որքանով այս թիվը կավելանա՝ պարզ կդառնա վաղը։

XS
SM
MD
LG