Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը սպառնալիք է ազգային անվտանգությանը»


Ցուցարար Սթիվ Բրեյը բողոք է հայտնում «Բրեքսիթի» դեմ` ձեռքում պահելով Պուտինի պատկերով պաստառը, Լոնդոն, 21 հուլիսի, 2020թ.
Ցուցարար Սթիվ Բրեյը բողոք է հայտնում «Բրեքսիթի» դեմ` ձեռքում պահելով Պուտինի պատկերով պաստառը, Լոնդոն, 21 հուլիսի, 2020թ.

Ըստ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովի, Մոսկվան միջամտել է Շոտլանդիայի 2014 թվականի հանրաքվեին:

«Ռուսաստանը միաժամանակ հզոր և թույլ երկիր է»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անվտանգության և հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Ռուսաստանը տաբեր եղանակներով միջամտել է 2014 թվականին Շոտլանդիայում անկախության հարաքվեի ընթացքին և փորձել է ազդել ընտրարշավի վրա:

Փաստթղթում ասվում է, որ 2014 թվականին ռուսներն առաջին անգամ են փորձել միջամտել արևմտյան դեմոկրատական գործընթացներին:

Բրիտանական մամուլն այն ժամանակ արդեն ահազանգել է, որ Կրեմլի հետ առնչություն ունեցող բլոգերները սոցիալական ցանցերում ակտիվորեն քարոզում են Շոտլանդիայի անկախության գաղափարի օգտին, այն համեմատում են Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ռուսների անցկացրած, «ռեֆերենդումների» հետ ու նկատել են տալիս, որ Լոնդոնից անջատվելու շոտլանդացիների ձգտումը նույնքան արդար և ազնիվ է, որքան Կիևից անջատվելու Ուկրաինայի արևելքի ռուս անջատականների երազանքը:

Ռուսաստանը բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի կազմած զեկույցում բնութագրվում է որպես միաժամանակ և՛ հզոր, և՛ թույլ պետություն: Ռուսաստանն ունի թույլ տնտեսություն և դրա համեմատությամբ անհամաչափ ուժեղ բանակ ու հետախուզական կառույցներ:

Ըստ զեկույցի, Բրիտանիայի կառավարությունը ձախողել է այդօրինակ միջամտությունը բացահայտելու և հակազդելու առաքելությունը:

«Ռուսաստանը համապարփակ սպառնալիք է անվտանգությանը, Արևմուտքի նկատմամբ խելագար կասկածանքով և գերտերության կարգավիճակը վերականգնելու մոլուցքով ինքն իրեն բորբոքող երկիր, որն ագրեսիվ ինքնահաստատման համար չարորակ կիբերակտիվությամբ միջամտում է ուրիշ պետությունների ընտրություններին, թիրախավորում է այլոց պետական ենթակառուցվածքը, և դա անմիջական սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- ասել է Շոտլանդիայի ազգային կուսակցությունից Համայնքների պալատից ընտրված պատգամավոր, Անվտանգության և հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ստյուարտ Հոուզին:

Նույն հանձնաժողովի անդամ, Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարան ընտրված պատգամավոր Քևան Ջոնսի համոզմամբ, բրիտանական պատկան կառույցները 2014-ին անակնկալի են բերվել:

«Ուստի, հարցը հետևյալն է՝ ո՞վ է պաշտպանում բրիտանական հանրությանն ընտրական գործընթացին օտարի միջամտությունից: Շատ պարզ պատասխան՝ ոչ ոք: Միացյալ Թագավորության դեմոկրատական գործընթացի պաշտպանությունը տհաճ ու դյուրազգաց թեմա է, չգտնվեց և ոչ մեկն, ով կստանձներ դրա կարգավորումը»,- ասել է լեյբորիստ պատգամավոր Ջոնսը:

Շոտլանդիան հանրաքվեի արդյունքում գերադասել է մնալ Թագավորության կազմում, 44 տոկոսն անկախության կողմ է քվեարկել, 55 տոկոսը՝ դեմ, դրանից հետո Շոտլանդիայի առաջին նախարար (երկրամասի վարչակազմի ղեկավար) Ալեքս Սալմոնդը հրաժարական է ներկայացրել, և ինչը բավական խորհրդանշական է ընկալվում, աշխատանք է ստացել «Ռաշա Թուդեյ» ռուսական ընկերությունում:

Արդյո՞ք Մոսկվան նաև «Բրեքսիթին» է միջամտել

Երկու տարի անց՝ 2016 թվականին, Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել կարևոր ևս մեկ հանրաքվե: Խոսքը «Բրեքսիթի» մասին է, Եվրամիության կազմում մնալու օգտին տրվել է 16 միլիոն 141 հազար 241 քվե, Միությունից դուրս գալու կողմ է քվեարկել 17 միլիոն 410 հազար 742 մարդ:

Այդ ճակատագրական արդյունքն ամփոփել է հանրաքվեի հանձնաժողովի ավագ պաշտոնյա Ջեննի Ուոթսը:

«Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան քվեարկել է Եվրոպական միությունից հեռանալու օգտին»,- ազդարարել է Ուոթսոնը:

Երեկվա զեկույցը կազմած հանձնաժողովի փոխանցմամբ, անհնարին է պարզել, թե արդյոք ռուսները փորձել են նաև հանրաքվեին միջամտել: Բրիտանական մամուլում, իհարկե, նման պնդումներ եղել են, ռուսներն էլ, սովորության համաձայն, դրանք հերքել են:

«Դա Մեծ Բրիտանիայի ժողովրդի որոշումն է, մենք որևէ կերպ դրան չենք միջամտել, չենք միջամտում և չենք միջամտելու»,- հավաստիացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելացնենք, որ նույն 2016 թվականին Միացյալ Նահանգներում են տեղի ունեցել նախագահական ընտրություններ, հաղթել է Դոնալդ Թրամփը, դեմոկրատների համոզմամբ, դրան ինչ-որ եղանակով Կրեմլն է նպաստել: Մեղադրանքը հերքում են և՛ գործող նախագահը, և՛ Կրեմլը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անվտանգության և հետախուզության հարցերով հանձնաժողովը բրիտանական հետախուզական կառույցներին կոչ է անում հրապարակել «Բրեքսիթի» հանրաքվեին ռուսների միջամտության մասին վկայող ոչ գաղտնի նյութերը:

Մ-15-ը՝ Բրիտանիայի հետախուզական գործակալությունը, ժամանակին ընդամենը 6 տող է տրամադրել` հայտնելով, որ մնացածը չի կարելի հրապարակել:

Վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ պնդել է, թե ռուսների արդյունավետ միջամտության փաստեր չկան, բայցև մերժել է Մ-15-ի տրամադրության տակ եղած նյութերը հրապարակելու պահանջը:

Ինչպես է Լոնդոնը դարձել «Լոնդոնգրադ»

Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի հեղինակներն ասում են, որ ռուսները լավ են դիրքավորվել Բրիտանիայում:

Նախկին կառավարությունները գրկաբաց ընդունել են ռուս մեծահարուստներին՝ գործարարներին, քաղաքական և պետական այրերին, ովքեր մեծ թվով գերթանկ անշարժ գույք են ձեռք բերել:

Այդ մարդկանցից շատերը սերտ կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ:

«Պուտինը հիմա լավ տեղավորվել է Բրիտանիայի բիզնեսի, քաղաքական և սոցիալական հարթակներում: Զուր չեն Լոնդոնն անվանել «Լոնդոնգրադ», և ոչ ոք ռուսներից չի հարցրել, թե որտեղի՞ց այդ հարստությունը, այդ բաց դռների քաղաքականությունը դարձել է ապօրինի ֆինանսները լվանալու իդեալական մեխանիզմ»,- ասել է լեյբորիստ պատգամավոր Քևան Ջոնսը:

Մոսկվան երեկ իսկ արձագանքել է խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին:

«Սենսացիա չկար, սա հերթական ֆեյքն է»,- հեգնանքով ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG