Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյան․ «Մտնում ենք կորոնավիրոսի ճգնաժամի հաղթահարման փուլ»


«Մտնում ենք կորոնավիրոսի ճգնաժամի հաղթահարման փուլ». վարչապետի զգուշավոր գնահատականն է Կառավարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակներ կրելու արդյունք է. – «Այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ նորից կունենանք թվերի աճ: Ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը»:

Փաշինյանի խոսքով, գործադիրի նպատակը տնտեսական ու առողջապահական նժարները հավասարակշռելն է, լուծել համավարակի հարցն ու անցնել տնտեսության վերականգնման օրակարգին. – «2020 թվականի հունիսին մենք 2019 թվականի հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում` ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա»:

Կորոնավիրոսի վարակի տեմպը վերջին շաբաթներին թուլանում է, բայց ոչ նկատելի, շարունակում է բարձր մնալ մահվան դեպքպերի թիվը։

Վերջին մեկ օրում 1718 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստավել 439 հոգու մոտ, այսինքն` դրական է թեստերի 25,5 տոկոսը: Քովիդի հետևանքով 16 քաղաքացի է մահացել, ամենաերիտասարդը 49-ամյա տղամարդ:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ մահացածների թվում նաև բուժաշխատող կա. – «Երեկ ունեցել ենք թվով 16 մահվան դեպք: Շատ ցավով պետք է նշեմ, որ դրանցից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ. 59-ամյա կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում երկար տարիներ է աշխատել որպես մանկաբույժ, և ցավոք, այս փորձության միջով նաև իրենց ընտանիքն է անցնում: Ինչպես արդեն նշել եմ, Առողջապահության նախարարությունը ցավակցում է վերջինիս ընտանիքի անդամներին»:

Վարակի բռնկումից մինչև այժմ Հայաստանում արդեն 618 քաղաքացի է մահացել կորոնավիրուսից: Այս պահին բուժում են ստանում շուրջ 10 հազար քաղաքացիներ: Վերջին մեկ օրում ապաքինվածները 560 հոգի են:

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը փոփոխություն էր արել թեստավորման հրամանում. նախկինում 38,5 ջերմություն ունեցողներն էին թեստավորվում, այժմ շեմն իջեցվել է, կհետազոտվեն նաև 37,5 ջերմություն ունեցողները, որ շնչառական հիվանդություն կամ կասկածելի այլ ախտանշաններ ունեն:

Ալինա Նիկողոսյան. – «Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ դիմելիությունը փոքր-ինչ պակասել է: Դրանով պայմանավորված` մեր նպատակն է ավելի շատ դեպքեր հայտնաբերել: Դրա համար շեմը իջեցվել է»:

«Հիվանդանոցային տեղերը նախորդ ամիսների պես գերզբաղված չեն», - ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը` հավելելով, որ վերակենդանացման բաժանմունքնում էլ ազատ տեղեր կան. – «Հաշվի առնելով մեզ մոտ ընդունվող հիվանդները հոսքը, միանշանակ կարող եմ ասել, որ ունենք նվազման միտում: Նվազման միտում ունենք ինչպես ընդհանուր հիվանդների, այնպես էլ այս վերջին 34 օրվա ընթացքում` ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների»:

Ինչո՞ւ մահվան թվերը չեն նվազում: Պետրոս Մանուկյանն ասում է, որ ավելի վաղ հոսպիտալացված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներն են, բացի դրանից տներից են հաճախ հոսպիտալացվում արդեն ծանր վիճակում: Հիշեցնեմ, որ Առողջապահության նախարարության ցուցումով են թեթև դեպքերն անցել տնային բուժման:

Պետրոս Մանուկյան. – «Հիմնական մահվան դեպքերը ոչ թե վերջին մեկ շաբաթում ընդունված հիվանդներն են հիմնական մասը, այլ նախկինում ընդունված հիվանդներն են, որոնք, հիվանդանոցներում գտնվելով, ունեցել են ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացք: Մի փոքր էլ այսպիսի խնդրի առաջ ենք մենք կանգնած. հիմա ընդունվում են որոշակի դեպքերում ծանր հիվանդներ տնից: Հիվանդները հաճախ սկզբնական փուլում որ ունենում են թեթև ընթացք, հրաժարվում են հիվանդանոցային բուժումից` մնալով տանը` առանց բժշկական հսկողության, առանց որևէ միջամտության, ծանրանում են»:

Քովիդի բարդ դեպքերով զբաղվող բուժհասատտության փոխտնօրենը կարծում է, որ մոտ մեկ շաբաթից վարակի հետևանքով մահվան դեպքերը զգալի կնվազեն։

XS
SM
MD
LG