«Ոսկե գնդակ» (Ballon d'Or) մրցանակն այս տարի ոչ մեկին չի տրվի: Ոսկե գնդակը շնորհվում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստին (2018 թվականից՝ նաև կին ֆուտբոլիստին): Պատճառը կորոնավիրուսն է:
Ավանդույթը 64 տարի առաջ սահմանել է France Football ֆրանսիական մարզական հանդեսը, և մինչ 2020 թվականը մրցանակաբաշխությունը երբեք չի չեղարկվել:
Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ աշխարհի հարյուրավոր երկրներում ազգային առաջնությունները գարնանն ընդհատվել են և վերսկսվել են միայն շաբաթներ առաջ, իսկ միջազգային մրցաշարերը հետաձգվել են:
«Մարզական տեսակետից հունվարն ու փետրվարը կարևոր են կարծիք կազմելու և հաղթողին որոշելու համար»,- ասել է France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերրեն:
2008 թվականից սկսած մրցանակը որպես կանոն շահել են արգենտինացի Լիոնել Մեսսին կամ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Մեկ անգամ՝ 2018 թվականին, այն վաստակել է խորվաթ Լուկա Մոդրիչը: Անցյալ տարվա հաղթողը Մեսսին էր: