Իրանում մահապատժի են ենթարկել Մահմուդ Մուսավի-Մաջիդին, ով մեղադրվել է լրտեսության և պետական դավաճանության մեջ:
Ըստ Իրանի իշխանությունների, մեղադրյալը Միացյալ Նահանգների և Իսրայելի հատուկ ծառայություններին հայտնել է Հեղափոխական գվարդիայի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրը, ինչը հնարավոր է դարձրել նրա սպանությունը:
Սոլեյմանիին ոչնչացրել են հունվարի 3-ին Բաղդադի օդակայանի մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով:
Ի պատասխան դրան, Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, ինչի հետևանքով մոտ 110 ամերիկացի զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ժամեր անց իրանական հակաօդային պաշտպանության հաշվարկը սխալմամբ հրթիռով վայր է գցել Թեհրանից օդ բարձրացած ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռը, մահացել է 176 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:
Շաբաթներ առաջ Իրանը հայտնել է, որ ձերբակալվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցող 19 լրտեսներ:
Հուլիսի 14-ին Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախարարության նախկին աշխատակցին, ով մեղադրվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը գաղտնի տեղեկություններ վաճառելու մեջ: