Մատչելիության հղումներ

Կարկուտից ու հեղեղումից տուժած գյումրեցիներին 50-150 հազար դրամի աջակցություն


Գյումրիի քաղաքային իշխանությունները տեղական բյուջեից 10 միլիոն դրամ կհատկացնեն օրեր առաջ կարկուտից ու հեղեղումներից տուժած ընտանիքներին, երեկ նման որոշում կայացվեց ավագանու արտահերթ նիստում։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի փոխանցմամբ` առայժմ կփորձեն տեղական բյուջեի միջոցներով աջակցել տուժածներին, սակայն անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև կառավարությանը: Քաղաքապետարանն ուսումնասիրել է քաղաքացիներից ստացված դիմումները և որոշել՝ օգնություն կստանան ոչ բոլոր դիմումատուները. - «Մենք ստացել ենք 120 դիմում, ուրեմն այդ դիմումների մեջ մտնում են և առաձնատներ, և տնակներ: Հիմնականում այցելությունը և հիմնական դիմումները եղել են ավտոկայանի տարածքից` տնակային տնտեսությունից: Այստեղ ընդամենը մեկ հասցեագրված և հանձնաժողովին ներկայացված տվյալներով 84-ին ենք համարժեք գտել, որ օգնություն տանք: Մենք` որպես քաղաքապետարան, միայն կարող ենք օգնել շինարարության հետ կապված, որ գումար ենք տալիս, որ մարդը գնի ցեմենտ, ավազ և այլն, մենք կարող ենք սրանք գնել, տալ, բայց ավելի լավ է` իրեն տանք գումարը, ինքը թող իրեն դոմիկը վերականգնի», - ասաց Գյումրիի քաղաքապետը:

Գործող կարգի համաձայն` համայնքային բյուջեից աջակցության առավելագույն չափ է սահմանվել 200 հազար դրամը: Գյումրիի փողքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ավագանու նիստում ներկայացրեց, թե տուժած ընտանիքներից յուրաքանչյուրը որքան օգնություն կստանա՝ առավելագույնը 150 հազար դրամ, նվազագույնը՝ 50 հազար. - «Ծրագրով արդեն բաշխված է գումարը, բաշխումը կատարվել է նաև բացվածքներով` ամեն մեկն առանձին ինչ վնասներ են կրել, հաշվարկվել է, այնպես հաշվարկ է կատարվել, որ անհրաժեշտ իրենց շինանյութերից և այլն պակաս չլինի գումարը, որպեսզի և տեղափոխելու ծախսերն ունենա, և պետք է նաև շինարարական աշխատանք կատարողի վարձակալությունը: Ամենաքիչը 50 հազար դրամ է, առավելագույնը 150 հազար է»:

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած կարկուտը մասնագետներն աննախադեպ են համարում. ընդամենը մի քանի ժամում մեկ ամսվա նորմայի կրկնակին էր գրանցվել, որն էլ հանգեցրել էր արտակարգ իրավիճակի: Խցանվել էին քաղաքի հեղեղատարները, ինչի արդյունքում նույնիսկ մեքենաներ էին մնացել ջրի տակ, բայց հատկապես ծանր կացության մեջ էին հայտնվել ժամանակավոր կացարանների բնակիչները։

Առավել տուժել էր Ավագյանների ընտանիքին պատկանող տունը, որտեղ մինչև 1.5 մետր բարձրությամբ կարկուտ էր լցվել. - «Մենք նայել ենք, 150 հազար փաստորեն վնասի, վերանորոգման հետ կապված ծախսերը: Այդտեղ մենք գույքին հիմնականում չենք անդրադարձել, անդրադարձել ենք վնասներին»:

Գյումրիում սոցիալական բնակարաններ կառուցող «Արդա» բարեգործական կազմակերպությունը որոշել է աջակցել այն տնակների բնակիչներին, ովքեր հեղեղումների հետևանքով դրսում են հայտնվել. - «Արդա» բարեգործական հիմնադրամի հետ կապված նոր չափորոշիչներով պետք է բնակարաններ տայինք, ունեինք 6 բնակարան, բայց փաստորեն այդ բնակարանները մենք հիմա, հանձնաժողովն արդեն եկավ, բաշխում կատարվեց, բայց հիմա պետք է նաև ավագանու համաձայնությունը նմանատիպ ընտանիքներին օգնելու համար, որոնք ուղղակի մնացել են փողոցում»:

Մի քանի տուժած ընտանիքների բնակարանային խնդիր էլ կլուծի Հայաստան համահայկական հմնադրամը: Աջակցություն են խնդրել նաև սառցաբեկորների մեջ մնացած ավտոմեքենաների տերերը: 5 դիմումատուներից 3-ն աջակցություն կստանան. - «5 հատ մեքենա դիմում էր տվել, բայց ես ասեմ, որ օբյեկտիվ կլինի ընդամենը 3 մեքենայի համար տալ, որոնք հենց մխրճված էին այդ սառույցների մեջ Երևանյան խճուղու այդ կամուրջի տակ, որի համարներից երկուսը գիտենք, մեկի համարն էլ կճշտենք», - ասաց Բալասանյանը:

Թե որքան վնաս են հասցրել կարկուտն ու հեղեղումները Գյումրիին, այս պահին հստակ չէ։

XS
SM
MD
LG