Մադրիդի «Ռեալը» երեկ Լա Լիգայի պատմության ընթացքում 34-րդ անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը: «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» և դարձել անհասանելի երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայի» համար:
Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ընդհատված առաջնության վերսկսումից հետո «Ռեալը» հաղթել է անցկացրած բոլոր 10 հանդիպումներում:
Երեկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Օսասունայից»:
«Աննկարագրելի է, աննկարագրելի, սա մշտական պայքար է, 38 տուր, երբ ի վերջո մեծ նվաճում ես ապահովում, ուզում ես բոլորին ասես՝ շնորհակալ եմ, նախևառաջ ֆուտբոլիստներին, ես իմ դերն ունեմ, բայց դե նրանք են պայքարում դաշտում, սա սքանչելի թիմ է»,- ասել է մարզիչ Զինեդին Զիդանն, ով ժամանակին նաև որպես «Ռեալի» խաղացող է նվաճել Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Զիդանի փոխանցմամբ, հաղթանակը Լա Լիգայում «նույնիսկ ավելի քաղցր է, քան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում»: