Մատչելիության հղումներ

Պարետը կոչ է անում ավանդական կերպով չտոնել Վարդավառը


Վարդավառը Երևանում, արխիվ

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում առաջիկա կիրակի օրն ավանդական կերպով չտոնել Վարդավառը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս կիրակի՝ հուլիսի 19-ին, Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:

Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:

Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:

Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:

Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից», - Ֆեյսբուքում գրում է Ավինյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 34 հազարը, որոնցից ապաքինվել են մոտ 22,5 հազարը, հիվանդությունից մահացել է 620 մարդ, տվյալ պահին բուժվում են մոտ 10,7 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG