Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ձեռնարկվում են միջոցներ Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից ՀՀ վերադարձնելու ուղղությամբ


Նարեկ Սարդարյան, լուսանկարը` Հայաստանի ոստիկանության կայքէջից
Նարեկ Սարդարյան, լուսանկարը` Հայաստանի ոստիկանության կայքէջից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին Նախիջևանի հետ սահմանակից Սյունիքի մարզում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորած` Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

«Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն. Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:

Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Հայաստանի ոստիկանության Սիսիանի բաժինը հայտնել էր, որ որոնում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանին։ Երեկ Բաքուն հայտարարել էր, թե Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։ Տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել էր Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG