Մատչելիության հղումներ

ՀՔԾ. ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկելու համար թոշակառուին անվճար բուժօգնություն է տրամադրվել


Լուսանկարում 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 75-րդ համարը զբաղեցրած անկուսակցական թեկնածու Ղուկաս Ուլիխանյանն է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու գործն ուղարկել է գլխավոր դատախազություն, որպեսզի այն հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։

Ըստ քրեական գործի՝ նախորդ իշխանության օրոք իշխող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 75-րդ համարը զբաղեցրած անկուսակցական թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու համար մեղադրվում է թեկնածու եղբոր նախկին աշխատակիցը՝ Արթուր Բաբայանը։ Վերջինս ստորագրություն է տվել չբացակայելու համար, մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ, «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Խորեն Մեջլումյանը. - «Արթուր Բաբայանը հարցաքննվել է որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո և օգտվելով մեղադրյալի իրավունքներից` հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց»:

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաբայանն, ըստ քրեական գործի, այնպես է արել, որ իրենց դիմած թոշակառուի աչքերի վիրահատությունն իրականացվի պետական միջոցների հաշվին պայմանով, որ նա պետք է ընտրի իր վերադասի՝ թաղապետ Արմեն Ուլիխանյանի եղբորը։ Քաղաքացին այդպես էլ արել է։ ՀՀԿ-ի՝ ակտիվ քարոզչություն ծավալած թեկնածու Ուլիխանյանը, սակայն, 2017-ի ընտրություններին խորհրդարան չի անցել։ Իր՝ արդեն նախկին ղեկավարի եղբոր օգտին հանցագործություն կատարելու համար մեղադրվող Արթուր Բաբայանը սակավախոս էր. - «Զբաղված եմ էլի էս պահին: Չեմ պատասխանում ոչ մի հարցի»:

Գործը քննող քննիչն ասաց՝ այս քրեական գործը հարուցվել է դեռևս մեկ տարի առաջ՝ 2019-ի մայիսին. - «Կոնկրետ մեր հաղորդում տվող քաղաքացին հայտնել է, որ այդ տեսագրություններով լազերային սկավառակն ինքը հայտնաբերել է իր աշխատասենյակում: Դա մեկ այլ քաղաքացի է, որը ժամանակին համագործակցել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ և, ըստ էության, վարչական շրջան ելումուտ է ունեցել, այդ հանգամանքներում էլ նրա մոտ հայտնաբերվել է սակավառակը»:

Քննիչ Մեջլումյանը պատմեց՝ տեսագրություններից պարզ է դառնում, որ աշխատակազմի նախկին քարտուղար, այժմ մեղադրյալ Արթուր Բաբայանն ու վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետը, առանձին երեք քաղաքացիների ընդունելով, համոզում են ընտրել իրենց ղեկավարի եղբորը. - «Հիշյալ սկավառակում առկա են եղել թվով 3 տեսաձայնագրություններ, որոնցում պատկերված է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախկին քարտուղար Արթուր Բաբայանը և ֆինանսական բաժնի պետը 3 քաղաքացիների ընդունելության ժամանակ հետաքրքրվում են նրանց ընտանիքի կազմով, նրանց տանը գրանցված անձանց քանակով, հետաքրքրվում են, թե պատրաստվում են արդյոք մասնակցելու քվեարկությանը, այնուհետև խոսակցությունը գնում է արդեն հիշյալ քաղաքացիների կողմից իրենց ընտանիքի անդամներով քվեարկությանը մասնակցելու և Ղուկաս Ուլիխանյանի օգտին կողմ քվեարկելու մասին»:

Նախաքննության ընթացքում թոշակառու քաղաքացին հարցաքննվել է և պատմել է եղելությունը, ասաց քննիչը։ Նա ըստ էության, ժամանակին իրեն քվեի դիմած աջակցած Արթուր Բաբայանի դեմ ցուցմունք է տվել։ Ըստ իրավապահների՝ ընտրակաշառք վերցրած թոշակառուն մեղադրյալ չի ներգրավվել, քանի որ զղջացել է. - «Այո, իհարկե, քաղաքացին ընդունել է, որ չունենալով բավարար միջոցներ աչքի վիրահատությունը կատարելու համար` դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղ իրեն տվյալ դեպքում Արթուր Բաբայանը հայտնել է, որ կօգնեն վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար, փոխարենը պահանջել է ընտանյոք հանդերձ մասնակցել 217 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին և կողմ քվեարկել վարչական շրջանի ղեկավարի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին:

Տվյալ դեպքում որպես այդպիսին վարչական շրջանի ղեկավարն էր իրավասու որոշել` որ քաղաքացու դեպքում դիմել Երևանի քաղաքապետարանին, միջնորդագիր ներկայացնել: Տվյալ դեպքում որոշվել է քաղաքացու համար դիմել»:

ՀՔԾ-ում գործը քննած ավագ քննիչ Խորեն Մեջլումյանի տվյալներով` այս գործով վկա է անցնում նաև Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը. - «Նախաքննության այդ մասով դեռևս շարունակվում է քննությունը, ըստ անհրաժեշտության գնահատական կտրվի նաև կոնկրետ վարչական շրջանի ղեկավարի արարքին: Քննության այս փուլում նման տեղեկություններ դեռևս ձեռք չեն բերվել»:

Նոր Նորքի նախկին թաղապետի հեռախոահամարին պատասխանեց նրա ընկերը ներկայացած անձը՝ խոստանալով փոխանցել մեր հարցը Արմեն Ուլիխանյանին։

Թեև Նոր Նորքի թաղապետի նախկին աշխատակցի գործի նախաքննությունն ավարտվել է, բայց ՀՔԾ-ում շարունակվում է քննությունը՝ հայտնաբերելու մյուս երկու քաղաքացիներին, ովքեր կան տեսագրությունում, ինչպես նաև հնարավոր այլ ընտրողներին ընտրակաշառք տալու հանգամանքները։ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեկ այլ գործի մասին էլ հայտնի դարձավ մեկ ամիս առաջ, այս անգամ այն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Մեծահարուստ պատգամավորը մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Բացի Ծառուկյանից, այս գործով մեղադրվում են նրա նախկին թիմակիցներ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։

XS
SM
MD
LG