Մատչելիության հղումներ

Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան


Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդես, արխիվ
Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդես, արխիվ

Երեկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նրա կիպրոսցի գործընկեր Նիկոս Խրիստոդուլիդեսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

«Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող է գնահատել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG