Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են եղել նաև երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր։

«Ռուսական կողմը նշել է, որ շահագրգռված է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG