Մատչելիության հղումներ

Ինքնիշխան և հզոր պետությունը Հայաստանի անվտանգ և առաջանցիկ զարգացման հիմքն է. ԱԱ ռազմավարություն


Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր նպատակ է Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումը՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք, ասված է Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում։

Նոր ռազմավարությունը ընդունվել է երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցած Անվտանգության խորհրդի նիստում: Առաջին ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին։

Փաստաթղթում Հայաստանի՝ որպես հիմնարար ազգային շահեր, սահմանված են չորսը. Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը, «Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են»։

Երկրորդ, խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը։ Երրորդ, ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է»։ Չորրորդ, Հայաստանի քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կազմված այս ռազմավարությունը անդրադառնալով Հայաստանի անվտանգային միջավայրին նշում է. «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեզ մտահոգում է նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդող ռազմաքաղաքական դաշինքների և դրանց մաս կազմող երկրների միջև տարաձայնությունների հնարավոր խորացումը: Նույնքան մտահոգիչ են այս դաշինքների հնարավոր թուլացումը և անդամ պետությունների միջև միմյանց, այդ թվում՝ Հայաստանի շահերին հակասող գործողությունները. մասնավորապես զենքի վաճառքն Ադրբեջանին ավելի է վտանգում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»։

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող հիմնական երկրներն են։ Օրինակ՝ բազմիցս է հայտարարվել Մոսկվան Ադրբեջանին է վաճառել հինգ միլիարդ դոլարի հասնող սպառազինություն, և այդ թիվը շարունակում է աճել։

Հիշեցնենք, քառօրյա պատերազմից երկու օր անց՝ 2016-ի ապրիլի 7-ին Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ադրբեջանցիները նաև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառեցին Ռուսաստանից ձեռք բերված զենքը, ինչի հետևանքով զոհվեցին երեխաներ։

Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ղարաբաղյան հակամարտությունը առանցքային տեղերից մեկն է զբաղեցնում: «Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է», - կարդում ենք փաստաթղթում, ուր այնուհետև նշված է. «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ: Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»։

Ըստ ռազմավարության, «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»։

Թուրքիայի մասին հիշատակում կա նաև «Ցեղասպանության կանխարգելում» բաժնում, ուր նշված է, թե «ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է»։ Կարդում ենք նաև. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար»։

Առանձին երկրների հետ հարաբերությունների հատվածը, ինչպես նախորդ ռազմավարությունում, սկսվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների նկարագրությամբ։

«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական­դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա։ Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով։ Հայաստանը խիստ կարևորում է բարեկամական հարաբերությունների խորացումը և երկկողմ ու բազմակողմ գործընկերության ընդլայնումը Եվրոպական միության, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ։ Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հիմնվելով Վրաստանի և Իրանի հետ մեր փոխշահավետ, առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների վրա՝ Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով՝ միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG