Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում հարկային զուտ եկամուտները նվազել են 33 միլիարդ դրամով


Այս տարվա առաջին կիսամյակում 33 միլիարդ դրամ քիչ հարկ ու տուրք է մուտք եղել պետական բյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ փաստում են Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) այսօր ներկայացրած տվյալները։

Այս տարվա հունվար-հունիսին կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 միլիարդ դրամ հարկային զուտ եկամուտներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել էր 713.3 միլիարդ դրամ։

Այս ցուցանիշով պետբյուջեի զուտ մուտքերը զիջում են միայն անցած տարվան, որովհետև եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա դրական տարբերությունն առկա է. 2018 թվականի առաջին կիսամյակում հարկերի ու մաքսավճարների տեսքով պետբյուջեի զուտ մուտքերը եղել են 572.9 միլիարդ դրամ, 2017 թվականին՝ 534.5 միլիարդ, 2016-ին՝ 496.6 միլիարդ, իսկ 2015-ին՝ 485.4 միլիարդ դրամ։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, հարկերի ու մաքսավճարների անկումը սպասելի էր և, անշուշտ, բացատրվում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկմամբ, ինչպես ողջ աշխարհում։

«Պետք է կանխատեսեինք, որ այսպիսի իրավիճակում հայտնվել ենք, որովհետև ի վերջո, եթե տնտեսությունն ամբողջությամբ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին չի աշխատում, հասկանալի է, որ այդ պայմաններում հարկերն ավելի քիչ պետք է հավաքվեին: Դեռևս սպասվում է այս վիճակի շարունակություն, որովհետև չգիտենք՝ ինչքան է կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը շարունակվելու», - ասաց տնտեսագետը:

Վիճակագրական կոմիտեի համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9 տոկոսով։

«Պետք է զգուշանալ և հաշվի առնել, որ հաջորդ ամիսներին այս իրավիճակը շարունակվելու է: Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք քիչ հավաքված հարկեր, սա նշանակում է, որ մենք պետք է բյուջետային ծախսերի առումով խնդիրներ ունենանք: Կառավարությունը երկու ճանապարհ ունի այս իրավիճակից դուրս գալու. մեկը, որ կամ պետք է բյուջետային փոփոխություններ ունի՝ ծախսերի կրճատումներով, երկրորդը, ուղղակի բյուջեի դեֆիցիտը մեծացնի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ հայթայթելու ճանապարհն ընտրելով», - ասաց Վահագն Խաչատրյանը:

Այն որ այս տարի ծրագրվածից քիչ հարկ ու տուրք է հավաքվելու, նորություն չէ։ Ապրիլի 23-ին կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անգամ թիվ հնչեցրեց, թե նախատեսվում է, որ ծրագրվածից շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հարկ ու տուրք է հավաքվելու այս տարի, ուստի կառավարությունը մտադիր է 260 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով մոտ 536 միլիոն դոլար պարտք վերցնել։

Ըստ Ֆինանսների նախարարության, այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 433 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա վերջի հետ համեմատ ավելի է 109 միլիոն դոլարով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, և հրապարակված թվերը դրա վկայությունն են։

«Պետական բյուջեի եկամտային մասը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես, հարկային դրույքաչափեր է փոխվել նաև հունվարի 1-ից, և սա էլ իր հերթին մեծ ազդեցություն է թողնում հավաքագրումների վրա: Օրինակ՝ եկամտային հարկից հավաքագրումներն ավելի հեշտ է իրականացնել, քան սպառումից: Հիմա, օրինակ, սպառումը կրճատվել է, մենք զիջել ենք 30-50 միլիարդ դրամի չափով եկամտային հարկ, բայց հիմա սպառման նվազման արդյունքում չենք կարողանում այդ գումարները հավաքագրել՝ ակցիզային հարկի և այլ տեսքով», - ասաց տնտեսագետը:

Պարսյանի գնահատմամբ, ողջ տարվա կտրվածքով կառավարությունը պետբյուջեի եկամուտների մասով ոչ թե 170 միլիարդ դրամ քիչ կհավաքի, ինչպես կանխատեսվել էր ապրիլին, այլ ավելի քիչ։

«Կիսամյակային պետական բյուջեի ծրագրի համաձայն, պետք է հավաքագրվեր 818 միլիարդ դրամ, հիմա հավաքագրվել է մոտավորապես 680 միլիարդ դրամի չափով գումար, որը նախատեսած գումարից մոտավորապես 140 միլիարդ դրամի չափով քիչ է: Անշուշտ, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս», - նշեց Սուրեն Պարսյանը:

XS
SM
MD
LG