Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց արտակարգ դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ ստեղծելու օրինագծերին


Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, հունիս, 2020թ.

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմանբ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:

Նախագծով նախատեսվում է նաև արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համապատասխան հոդվածով բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը պատասխանատվություն է սահմանում նախագծով սահմանված պարտավորությունների չկատարման համար` տուգանքի ձևով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մարտի 16-ից արտակարգ դրություն է, որը Կառավարությունը մտադիր է երկարաձգել ևս առնվազն մեկ ամսով:

XS
SM
MD
LG